Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լավրով. Կային առաջարկներ՝ ազատել Ղարաբաղին կից շրջանները՝ միաժամանակ որոշելով Ղարաբաղի կարգավիճակը. «ՏԱՍՍ»

Ապրիլ 08,2016 11:55

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, 2016թ. ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի և Իրանի իր պաշտոնակիցների հետ հանդիպումից առաջ, ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, որի ընթացքում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, խոսելով ԼՂՀ հակամարտությունից, ասել է հետևյալը. «Մենք հետևում ենք իրավիճակին։ Գլխավորն այն է, որ երկու կողմերն էլ հավատարիմ մնան այս ռեժիմին (նկատի ունի հրադադարի ռեժիմը,-խմբ.)։ Շատ կարևոր է վերադառնալ այն գաղափարներին, որոնք ամրապնդվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հայտարարություններում՝ դեռևս 3-4 տարի առաջ»։

ՌԴ ԱԳ նախարարը որոշակի մանրամասներ է բացահայտել բանակցային գործընթացից. «Նախագահ Պուտինը, իսկ նրանից առաջ էլ նախագահ Մեդվեդևը, առաջարկում էին մի շարք տարբերակներ, որոնք նախատեսում էին լուծել իրավիճակը Ղարաբաղին կից շրջանները ազատելով՝ միաժամանակ որոշելով Ղարաբաղի կարգավիճակը։ Կային նաև առաջարկներ՝ դիպուկահարներին հետ քաշել շփման գծից։ Այդպիսի քայլերը, որոնք վաղուց պլանավորված էին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով, ԵԱՀԿ-ն՝ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, զբաղված էր համապատասխան քայլեր մշակելով։ Այդ պայմանագիրը դեռևս վերջնական չէ, բայց այն գոյություն ունի և դրա վրա աշխատում են արդեն մի քանի տարի։ Կարծում եմ՝ ներկայիս իրավիճակը կստիպի մեզ բոլորիս հավանություն տալ այդ առաջարկներին և կիրառության մեջ դնել դրանք»։

Լավրովը խոսել է նաև ԼՂՀ հակամարտության գործում Ռուսաստանի գործոնի մասին. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերից բացի՝ Ռուսաստանը հանդես է գալիս նաև սեփական նախաձեռնություններով։ Չեմ ներկայացնի մանրամասներ, բայց մի քանի տարբերակներ կան, որ մնում են բանակցային սեղանին. Ալիևի հետ մենք քննարկել ենք նաև այդ թեման։ Կշարունակենք մեր ջանքերը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930