«Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները. սա Հայաստան է եւ … վերջ»,-այսպիսի կարծիք ուներ ֆիզիկոս, ռազմական գործիչ, արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը: Նրա հայտնի մտքերից է նաեւ այս. «Սա Հայաստան է եւ վերջ»:
Լեոնիդ Ազգալդյանը «Ազատագրական բանակի» հիմնադիրներից էր ու գլխավոր հրամանատարը եւ իր մարտական ընկերների, հատկապես «Արցախ ճակատի» հրամանատարը, իր զինակից Վ. Բալայանի հետ միասին բազմաթիվ գյուղերի` Բուզլուխի, էրքեջի, Մանաշիդի, Մարաղայի, Կիչանի, Ծամձորի, Տողի եւ մյուսների ազատարար-պաշտպանը, հարյուրավոր ազատամարտիկների ռազմագիտության ոսուցիչն ու ազգային-քաղաքական դաստիարակը, մեծ ռազմավարը, հայրենյաց քաջազուն զինվորը, որի հղացմամբ ու գործադրմամբ ազերի կանոնավոր բանակի զինյալ ելուզակներից մաքրագործվել են մի շարք բնակավայրեր:
Նրա նպատակն է եղել համակարգել-համադրել հարեւան ու բախտակից բոլոր ժողովուրդների եւ փոքրամասնական ազգային, թե կրոնադավանական համայնքների ազատագրական շարժումները, կործանելու համար «հանրապետություն» անվամբ ծպտված թուրքական բարբարոսական գաղութային կայսրությանը:
«Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ: Թուրքը կկորցնի` ուրեմն թուրքը: Հայը` ուրեմն հայը: Դրա համար այստեղ շատ կարեւոր հարցեր են լուծվում. դա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ»,- այսպես էր մտածում նա: «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես` չհավատաք։ Ես Իսթամբուլի պարիսպների տակ եմ ընկնելու»,- սիրում էր կրկնել Լեոնիդն ամեն անգամ, երբ թշնամական ուժերն իր վախճանի վերաբերյալ լուրեր էին տարածում։
Այնպես էր հավատում հին ու նոր սուլթանների մայրաքաղաքի անկմանը, որ իր հավատքի հրով բռնկեցնում էր իր մարտիկների մաքրամաքուր հոգիները եւ կռում-կոփում նրանց պայքարի, անդուլ պայքարի կամքը։
Կարդացեք նաև
Նա նաեւ ասում էր. «Մենք մինչեւ հիմա հանձնել ենք հողեր թշնամուն: Դիմադրության ոգին շատ է թուլացել մեր մեջ: Այդ պատճառով էլ մեր մեջ գտնվում են մարդիկ, նույնիսկ բարձրաստիճան, ովքեր կարծում են, թե մենք պետք է հրաժարվենք Հայ Դատից: Դրա պատճառն այն է, որ մեր ազգի «ինտելիգենցիան», հիմնականում ցածր ոգու տեր անձինք, չգիտեն մարտնչելու ձեւը»:
Նրա հետ կապված հիշողությունները եւ պատմությունները շատ են, նրա վերաբերմունքը զինվորի նկատմամբ` այլ էր: Հիշատակվում է, որ մարտերից ազատ մի պահի զինվոր Խորենն իր դիպուկ կրակելու կարողությունը փորձելու համար նշան է բռնել հանդարտ առաջացող մի կրիայի ու կրակել` կրիայի զրահապատնեշը ցաք ու ցրիվ անելով: Այդ մասին իմանալով՝ Լեոնիդը Խորենին իր մոտ է կանչում: Մարտիկները շունչները պահած սպասել են, քանի որ գիտեին, որ պատժվելու է Խորենը, բայց չգիտեին՝ ինչ պատիժ է սպասվում: Բարեկիրթ հրամանատարը քանի որ չէր սիրում հայհոյել, նրա ամենածանր խոսքը «ոչխարապահն» էր (hովիվ չէր ասի, քանզի հովիվը նրա համար հարգանքի արժանի պաշտոն էր):
-Դու քանի՞ տարի ես ապրելու,- հանգիստ հարցրել է հրամանատարը:
-Դե, երեւի, մի վաթսուն-յոթանասուն,- պատասխանել է Խորենը:
– Իսկ գիտե՞ս կրիան քանի տարի է ապրում: Մի երկու-երեք հարյուր տարի: Երեք դար, երեք հարյուր տարի նա այս բնության մի մասը դարձած` խաղաղ ու անվնաս վկան է դառնում անցած դարերի: Իսկ դու նրան զրկեցիր կյանքից: Գնա, մենք այստեղ եկել ենք ոչ թե սպանելու, այլ հաղթելու եւ ապրելու համար:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
08.04.2016