Լրահոս
Օրվա լրահոսը

«Անակնկալ» պատերազմն ու «խաղաղասեր» Պուտինը

Ապրիլ 08,2016 12:00

Առաջիկա օրերին կերեւա,
թե որոնք են ռուսական «առաքելության» իրական նպատակները

Մեզ մատուցվեց այն մասին, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի հանդիպման արդյունքում:

Ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածությունը ոչ զինադադար է, ոչ էլ երկարատեւ զինադադարի երաշխիք: Այս օրերին մենք տեսնում ենք, որ հակառակորդը շարունակում է ագրեսիան Ղարաբաղի ու Հայաստանի սահմանների ուղղությամբ:

Համանախագահները տարածաշրջանում են, նրանք փորձում են հանդարտեցնել իրավիճակը: Ռուսական առանձին միջնորդական առաքելությունն ակնհայտ է: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում էր, նա արձանագրում է, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը լուրջ մարտահրավերի է բախվել. «Կարեւոր է, հանդարտեցնելով իրավիճակը այդ կոնկրետ հարցում, ավելի ակտիվորեն, հուսով եմ՝ մեզ դրան կմղեն վերջին օրերի իրադարձությունները, զբաղվել քաղաքական կարգավորմամբ: Մենք առաջարկներ ունենք, որոնք համանախագահների հետ համատեղ ձգտում ենք ավելի ակտիվորեն գործարկել՝ ի շահ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնության ձեռք բերման»:

Այս վիճակում, սակայն, Լավրովը չի մոռացել Ալիեւին հիշեցնել Ռուսաստան այցելելու հրավերի մասին: «Նա (Վլադիմիր Պուտինը), ի դեպ, ձեզ փոխանցում է ամենաջերմ ողջույններն ու հիշեցնում, որ դուք ունեք Ռուսաստան այցելելու հրավեր»,- ասել է նա։
Պաշտոնական Երեւանը հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը: Առաջին` Հայաստանի, ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված 1994թ. եռակողմ զինադադարի պայմանագիրը պետք է խստորեն պահպանվի, պետք է դադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները, եւ հայկական ու ադրբեջանական զորամիավորումները պետք է վերադառնան մինչեւ 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները: Երկրորդ` անհրաժեշտ է շտապ ստեղծել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունները պետք է զգալիորեն ընդլայնվեն, այդ թվում՝ դաշտային օգնականների քանակի ավելացման միջոցով: Երրորդ` ԼՂ իշխանությունը հանդիսանում է 1994թ. հրադադարի համաձայնագրի ստորագրող կողմ, ուստի հակամարտող բոլոր կողմերը պետք է վերականգնեն ուղիղ շփումները ԼՂ-ի հետ:

Մոսկվան իր «քաղաքական կարգավորման» շրջանակներում ռազմավարական դաշնակից Հայաստանի ներկայացրած վերոնշյալ երեք սկզբունքային կետերը հաշվի՞ է առնում իր միջնորդական ներկայիս գործունեությունում: Մոսկվան կո՞ղմ է, որպեսզի սահմանային միջադեպերի ուսումնասիրության` Բաքվի մերժած մեխանիզմները գործեն շփման գծում: Մոսկվան կո՞ղմ է, որպեսզի Լեռնային Ղարաբաղն այսօր բանակցությունների սեղանին վերադառնա:

Եթե այս հարցերին Մոսկվան դրական է պատասխանում, ապա մենք կարող ենք ասել, որ բանակցություններում Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի շահերը, եթե ոչ, ապա բոլորս մտորելու առիթ ունենք, ընդ որում` հերթական մտորելու առիթը:

Ռուսաստանից որոշ գործիչներ այս օրերին հայտարարել են, թե Ռուսաստանն Ադրբեջանին այլեւս չպետք է զենք վաճառի: Սրանք էժանագին հայտարարություններ են, քանի դեռ դրանք չեն հնչել եթե ոչ՝ Պուտինի, ապա գոնե Շոյգուի մակարդակով: 5 միլիարդ դոլարի զենքի վաճառքն Ադրբեջանին Հայաստանում որպես «ռուսական բիզնես» պաշտպանողների «ջախջախիչ» արդարացումն այն էր, թե` «եթե Ռուսաստանը չվաճառեր, Ադրբեջանն այլ երկրներից կգներ…»: Թող գներ, «այլ երկրները» չեն Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, այլ հենց Ռուսաստանն է:

Ի՞նչ է, մեր վիշտը սփոփո՞ւմ է հիմա, մեզ մխիթարո՞ւմ է այն փաստը, որ հայ զինվորներն ու հայ խաղաղ բնակիչները զոհվում են ռուսական դաժան զենքի հարվածներից, այլ ոչ թե «այլ երկրների» զենքերից: Կամ` երբ դեմքի խորիմաստ արտահայտությամբ ասվում էր, թե` «Ռուսաստանը վերահսկում է Ադրբեջանին` այդ զենքը վաճառելով»: Այսինքն՝ հիմա կարո՞ղ ենք արձանագրել, որ Ադրբեջանի կողմից ապրիլի 2-ից արդեն մեկշաբաթյա սանձազերծած պատերազմը նույնպես իրականացվում է Ռուսաստանի անմիջական վերահսկողության պայմաններում:

Պատերազմի, ագրեսիայի պայմաններում պաթետիկ ելույթներն, իհարկե, ոգեւորում են, գուցե նաեւ անհրաժեշտ են, սակայն մեր հասարակությունը ապացուցեց, որ դրա կարիքը չունի, գիտակցված է արյան գնով հաղթանակած պատերազմին կրկին տեր կանգնել:
Բայց այս իրավիճակում ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որպեսզի «կոտրեն» հայկական միասնության ու հայրենասիրության պոռթկումը: Ադրբեջանը չի կարողացել դա անել ոչ 25 տարի առաջ, ոչ էլ հիմա: Մնում է, որ հայկական կողմի դիրքերը «քաղաքական կարգավորման» շրջանակներում «չկոտրեն» քաղաքական դերակատարները: Դա չպետք է թույլ տա պաշտոնական Երեւանը:

Մենք ո՛չ ՀԱՊԿ-ում, ո՛չ ԵՏՄ-ում դաշնակիցներ չունենք: Նրանք նույնիսկ այս օրերին Երեւան գալու մտքից են հրաժարվել, որպեսզի Ալիեւին դուր գան: Մենք այս պատերազմում միայնակ ենք, բայց դա ամենեւին չի նշանակում, որ «քաղաքական կարգավորումը» չպետք է մեր օգտին լինի:

Ագրեսորն արդեն պատժվել է ռազմի դաշտում` սանձազերծելով այս պատերազմն ու արժանի հակահարված ստանալով: Բայց եթե «շահագրգիռ» կողմերը փորձեն «քաղաքական կարգավորման» համատեքստում Ալիեւի պատասխանատվության հարցը լղոզել, կնշանակի՝ նրանք փրկում են Ալիեւին` հերթական անգամ նրան «քարտ-բլանշ» տալով հետագա էսկալացիաների համար:

Առաջիկա օրերին ավելի հստակ կերեւա, թե որքան «խաղաղասեր» է Պուտինն այս «անակնկալ» պատերազմում, եւ որոնք են ռուսական միջնորդական «առաքելության» իրական նպատակները:

 
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Երեւի վերջապէս համաձայն ենք լինելու, Էմմա…

    Այո, եթէ գալիք օրերին կամ շաբաթներին, Պուտինը արժանի պատասխան մը չտայ անցած օրերի պատահածին, իսկապէս շատ յուսախաբեցուցիչ է լինելու իր կեցվածքն ու վերաբերմունքը: Չասելու համար նաեւ մեզ համար յուսահատական, քանզի իրմէ զատ չունենք ուրիշ այլընտրանք:

    Խնդիրը միայն մենք չենք: Այս պահին Ռուսաստանը ինքնին տկար, ցնցված, շուարած է երեւում, տեղի ունեցող դէպքերի կապակցութեամբ:

    Վերջին հաշւով, հարուածը իր դէմ էր: Մենք «կողմնակի վնաս»ն ենք, ըստ սովորութեան: Միայն թէ մենք իրեն չափ զինվորներ չունինք, որ իր նման հեշտօրէն զոհաբերենք աշխարհաքաղաքական խաղերի մէջ:

    Նշենք սակայն որ Պուտին ընդհանրապէս դանդաղ է շարժվում, այսպիսի կացութիւններու մէջ: Այդպէս ըրաւ, յատկապէս, Ուկրայնիայի պարագային, Սուրիոյ մէջ միջամտութեամբ, մինչեւ իսկ իր ռազմական օդանաւին դէմ Թուրքիոյ յարձակման հակազդեցութեան դէպքում… Արդեօք մե՞նք շատ անհամբեր ենք լինում… Կարող է…

    Կը տեսնենք…

    Սակայն Պուտին ուղղակի պարտական է մեզի, ներկայ դրութեամբ:

  2. ominac says:

    Պուտինը միայն իր երկրին պարտական է։ Եւ իր շահերը մեզմէ լաւ գիտէ։ Ռուսաստանի հետ լաւ ըլլալը մեր ամենալաւ ընտրանքն է այս ժամանակին։ Չիկայ որեւէ պետութիւն որ ինչ որ պատճառով մեզ զէնք ծախելու շահ ունենայ։ Օրինակ Գանատայի մէջ մենք նոյնիսկ չենք կրնար դրամ հաւաքել Արցախի մէջ ճամբայ սարքելու համար, որովհետեւ Արցախի բանակը կրնայ օգտագործել, մինչ այդ Թուրքիան Նաթօի մաս կազմելով կրնայ պարտաւորեցնել որ Գանատան իրեն օգնէ եւ քաղաքական եւ զինուորական ձեւով։ Իսկ Ղազախստանը Ռուսաստանին շատ աւելի կարեւոր երկիր է քան թէ Հայաստանը, հետեւաբար պէտք է ընդունիլ որ Ռուսաստանը միայն որոշ չափով միայն մեզ հետ կրնայ ըլլալ։ Ատենն է մենք սկսինք տարբեր անկիւնով նայիլ այս բոլորը։ Ճնշումը մեր վրան է որ Հայաստանի տնտեսական եւ քաղաքական ներքին վիճակով զբաղուինք։ Չորս միլիոն հայ կա որ միայն ուտել խմելու կերթայ հայաստան, կարժէ որ օգտագործենք այս ժողովուրդը։ Բայց նախ պէտք է Հայաստանի գողական շրջապատը հեռանայ երկրի ղեկավար դիրքերէն։ Մշակոյթի փոխելու կարիքը կայ։ Բան մը 30 տարի առաջ պէտք է ըլլար։

    • Հ.Շ. says:

      “Չորս միլիոն հայ կա որ միայն ուտել խմելու կերթայ Հայաստան”
      ……………………………………………..
      երանի թէ ճիշդ ըլլար այդ թիւը, եղբայրս

      երանի թէ այդքան մեծ թիւով դուրսի հայերը այցելէին Մայր Հայրենիքը, շարունակաբար, նոյնիսկ եթէ միայն ուտել-խմելու համար

      ի դէպ,
      դրսում արդեօք չորս միլիոն հայ մնացե՞լ է…

  3. vahan says:

    հատուկ ռսերեն եմ գրում վօր գրանտալափողներ ռսամետները չտանջվեն կառդալուց путин помни то что ты пытаешся вытворить с моим НАРОДОМу тебя не получится ито что у тебя в маленьком уме на счёт моей РОДИНЫ получиш в троей росии а насчёт Левона Айрапетяна так вот садизм который ты устроил на голову уважаемого ЧЕЛОВЕКА тебе покажется раем по сравнению тем что сделает твоя нация когда сообразит что ты вытворил с ними я надеюсь что рано или поздно и твоя нация начнёт соображать по человечески

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930