Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գոտում նոր թափով բորբոքված հակամարտությունն ու մասնավորապես զինված գործողությունները բացահայտեցին Ադրբեջանի արսենալում առկա իսրայելական ԱԹՍ-ների առկայությունը, որը, մինչ այդ գաղտնի էր պահվում։ Այս մասին գրում է eurasianet.org կայքը։
Մի դեպքում ադրբեջանական կողմը հաստատեց, որ այդ երկրի ԶՈՒ-ն օգտագործել է իսրայելական Harop տեսակի անօդաչու սարք։ Այս տեսակի սարքը որոշ շրջանակներում կոչվում է «Կամիկաձե», որովհետև այն ինքն իրենով ռումբ է, և թիրախին հարվածելուն պես, ոչնչանում է։ Հայկական մամուլի տվյալներով հենց այս սարքն է օգտագործվել ապրիլի 4-ին՝ կամավորներ տեղափոխող ավտոբուսը խոցելու գործում։
Մեկ այլ դեպքում ԼՂՀ ՊԲ-ն նկարներ էր հրապարկել, որտեղ երևում էր, որ ադրբեջանական կողմը ապրիլի 2-ին գործի էր դրել ThunderB տեսակի ԱԹՍ։
Երրորդ դեպքում էլ ադրբեջանական կողմը պնդում էր, որ իրենց ԶՈՒ-ն օգտագործել է իսրայելական արտադրության հրթիռներ։
Կարդացեք նաև
Կայքի փոխանցմամբ՝ այս զինատեսակներից և ոչ մեկը նախկինում չէր հրապարակվել Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից։ Աղբյուրը նշում է նաև, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական համագործակցությունը բավականին մեծ ուշադրություն է գրավում, մանավանդ, եթե հաշվի առնենք 2012թ. այդ երկու երկրների միջև ստորագրված 1,6 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիրը։
Ուշագրավ է սակայն, որ աղբյուրի հիշատակած 2012թ. Իսրայելի և Ադրբեջանի միջև ստորագրված պայմանագրով Ադրբեջանը, ընդհանուր 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարի արժողությամբ գնել էր հենց ԱԹՍ սարքեր և ՀՕՊ պաշտպանության համակարգեր։
Ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցության մի քանի փաստեր, որոնք նույնպես հետաքրքիր են. 2004թ. այդ երկու երկրների միջև պայմանագիր է կնքվել՝ Ադրբեջան իսրայելական զենք մատակարարելու մասին, որը արտադրվում էր Թուրքիայում։ 2009թ. սկսած Ադրբեջանը ԱԹՍ է արտադրում։ 2012թ. Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերություններն էլ ավելի ամրապնդվեցին, երբ Ադրբեջանում բացահայտվեց և ձերբակալվեց ահաբեկիչների մի խումբ։ Ադրբեջանի տվյալներով՝ նրանք պատրաստվում էին ահաբեկչություն կազմակերպել այդ երկրում հավատարմագրված Իսրայելի դիվանագետների և հրեա հասարակական ու քաղաքական գործիչների դեմ։ Նշվում էր, որ այդ խմբի զինման հետևում կանգնած էր Իրանը։ Այս գործի բացահայտումից հետո Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունները նոր բնույթ ստացան, որն էլ արտացոլվեց 2012թ. երկու երկրների միջև կնքված ռազմական պայմանագրի տեսքով։