Հիմա էլ ուրիշ կրակի մեջ ենք ընկել: Հնգօրյա սարսափելի պատերազմից հետո, աշխարհը մեզ հստակ հասկացրեց, որ մեր հույսը պետք է դնենք միայն մեզ վրա: Գիտեինք, բայց համոզվեցինք, որ Հայաստանի՝ ԵՏՄ ընտանիքի անդամներ Բելառուսի, Ղազախստանի նախագահները մեր թշնամիներն են, իսկ վրացիները դատարկ, փուչիկ դերասաններ են և մեր ամենավտանգավոր դավաճանները: Թե ինչ եղավ ապրիլի առաջին հնգօրյակում, այսպես, թե այնպես, բոլորս ինչ-որ չափով տեղյակ ենք, իսկ թե ինչ տեղի կունենա դրանից հետո, այժմ դա է ամենակարևորը և դրա մասին պետք է լրջորեն մտածենք ու մտահոգվենք:
Տխուր է, որ չգտնվեց գեթ մեկ պետություն կամ միջազգային կազմակերպություն, որը հստակ հայտարարեր. ագրեսոր Ադրբեջան, դադարեցրու դիվերսիոն պատերազմդ՝ իր համար խաղաղ ապրող Արցախի նկատմամբ: Բոլորն ուղղակի անորոշ հայտարարում էին. դադարեցրեք պատերազմը և անցեք խաղաղ բանակցությունների: Անտեղյակներին կթվար, որ նրանք Ադրբեջանն ու Արցախը միաժամանակյա հարձակում են գործել իրար վրա: Սրիկայական հանճարեղ մոտեցում…:
Տեսականորեն, հնարավոր են գործընթացների շարունակության հետևյալ հիմնական տարբերակները. կրակոցները երբևէ լրիվ կդադարեն, միայն կրակոցներ կլինեն, կրակոցները երբևէ կվերաճեն նմանատիպ հարձակման և որևէ կոմբինացիայով խառը տարբերակ: Որևէ մեկը չի կարող հստակ պնդել, թե որ տարբերակը ռեալ կաշխատի, քանզի դա կախված է շատ հանգամանքներից և, որ ամենակարևորն է, թուրքերը շատ անկանխատեսելի են: Հետևապես, խնդիրը մեզ համար ավելի է բարդանում և մենք պետք է ավելի զգոն ու ավելի խելամիտ գործենք:
Ամենայն հավանականությամբ, նրանք աշխարհին կշարունակեն հայտարարել, որ իրենք դադարացրել են հարձակումը և հայերն են շարունակում կրակոցները, իսկ իրականում իրենք որոշակի ժամանակահատված՝ ասենք մոտակա մի քանի ամիսը կընտրեն կրակոցների անընդհատ շարունակման մարտավարությունը և ուշի-ուշով հետևելով ու շոշափելով արտաքին ազդակները, նրանք որոշակի ժամանակահատված կամ կշարունակեն այդ գործելաոճը, կամ իրենց համար հարմար պահի կորդեգրեն ավելի կեղտոտ մեթոդներով հարձակման մարտավարություն, օգտագործելով ավելի մեծ ծավալի և ավելի արդիական զինտեխնիկա, քանզի փաստացի, նրանք աշխարհից վախենալու որևէ կոնկրետ պատճառ չունեն, բացի հերթական դատարկ հայտարարությունները լսելուց:
Կարդացեք նաև
Որ աշխարհը հիմնականում դիվանագիտություն է խաղում և այդ դեպքում էլ կխաղա, դա բոլորն են հասկանում, սակայն մի բան է անհասկանալի մնում, թե ինչով է այդ երկրներին ձեռնտու տարածաշրջանում անկայունության մթնոլորտը, որը կարող է զսպանակի էֆեկտով տարածվել նաև դեպի այլ՝ հենց իրենց տարածաշրջաններ:
Մի խոսքով, իրական զինադադար չկա, քանզի այն փաստում է պայմանավորվածությունից հետո թեկուզ մեկ կրակոցը: Այնպես որ, պատերազմն իրականում շարունակվում է և մենք պետք է առաջնորդվենք այդ սցենարով…
Կամ, ինչպես ասում են, շան հետ ընկերություն արա, բայց փետը ձեռիցդ մի քցիր…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ
1. Տխուր է, որ չգտնվեց գեթ մեկ պետություն, որը հստակ հայտարարեր. ագրեսոր Ադրբեջան, դադարեցրու դիվերսիոն պատերազմդ:
Ու չի էլ գտնվելու, ինչո՞ւ պիտի գտնվի: ՀՀ-ն քանի անգամ է այդ կարգի հայտարարություններով հանդես եկել այլոց պարագաներում, որ հիմա էլ պահանջում ենք, որ ուրիշն անի: Ու ասենք թե ասեցին, բոլորն ասեցին, է հետո՞, ի՞նչը պիտի փոխվի… բայց էսքան միամի՞տ…..
2. Հնգօրյա սարսափելի պատերազմից հետո, աշխարհը մեզ հստակ հասկացրեց, որ մեր հույսը պետք է դնենք միայն մեզ վրա:
Իսկ ինչ է, սպասում էիք, որ ատոմային ռումբ նետեին Բաքվի վրա… այ քեզ միտք… թեպետ խիստ կասկածում եմ, որ դա հասկացվել է…այս պարզ տրամաբանությունը հասկանալու համար կարիք չկար հասնելու 21-րդ դար…մարդկության պատմության օրորոցային շրջանն արդեն իսկ հասկացնել էր տվել դա…
Եթէ մենք մեր վրայ վստահինք ոչ մէկ դաւաճան կը տեսնենք կամ ընկերոջ պէտք ունինք։