Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք երբեք դեմ չենք եղել խաղաղապահների տեղակայմանն Արցախում. Սերժ Սարգսյան

Ապրիլ 08,2016 10:45

Մենք երբեք դեմ չենք եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, սակայն կարծում եմ, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի։

Tert.am-ի հաղորդմամբ՝ այս մասին գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նիկիտա Ժոլկվերի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման մասին։

Մասնավորապես՝ լրագրողի այն հարցին, թե ինչու հայկական կողմը չի ցանկանում, որ հակամարտող կողմերին բաժանեն խաղաղապահները, օրինակ՝ ռուսները, Սերժ Սարգսյանը նշել է, որ իրենք երբեք դեմ չեն եղել դրան, սակայն կարծում են, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի։

«Ընդհակառակը, մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրել համապատասխան փաստաթուղթ, որը կնախատեսի այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում՝ նաև երկու կողմերի միջև խաղաղապահների ներկայությունը։ Սակայն ադրբեջանցիները դա չեն ցանկացել»,- ասել է ՀՀ Նախագահը:

Լրագրողը հետաքրքրվել է նաև, թե ինչ է արել Նախագահը հերթական արյունահեղությունը կանխելու համար, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ իրենք արել են հնարավոր ամեն բան։

«Մոտավորապես 3 տարի առաջ Ադրբեջանը հրաժարվեց 3 հիմնարար սկզբունքներից 2-ից, որոնք առաջարկվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, և այժմ պնդում է, որ այդ հարցը լուծվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Եվ երկրորդ, բացի հակահայկական դեմարշերից և Հայաստանի հանդեպ ագրեսիվ վարքից, Ադրբեջանը մի քանի անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն և ընդլայնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հավելել է, որ իրենք ահազանգել են համապատասխան մարմիններին և կառույցներին այն մասին`ուր է տանում գործը, ինչով կարող է ամեն ինչ ավարտվել։ Նրա խոսքով՝ իրենք առաջարկել են ստեղծել միջադեպերի պատճառները պարզելու մեխանիզմ շփման գծի ողջ երկայնքով, որպեսզի հստակ իմանան` ով է վիճահարույց գործողությունների նախաձեռնողը։

Լրագրողը նշել է, որ պատերազմը, ինչպես դա հաճախ լինում է, սկսվել է անսպասելի, սակայն նույնքան անսպասելի էլ` արդեն 3 օր անց, ռազմական գործողությունները դադարեցվել են, հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, և հետաքրքրվել է՝ ո՞վ է օգնել հասնել նման պայմանավորվածության։

«Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները բոլորովին անսպասելի են սկսվել։ Մենք դրանց սպասում էինք: Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար։ Սակայն հրադադարն էլ պատահականություն չէր։ Ադրբեջանցիները մեծ կորուստներ են կրել»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զանգահարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին և հայտնել, որ ադրբեջանցինեը համաձայն են այդ հարցի շուրջ հանդիպել Մոսկվայում հայկական կողմի ներկայացուցիչների հետ։ Եղել է նաև միջազգային հանրության աջակցությունը, համապատասխան հայտարարություններով են հանդես եկել շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցի տեսագրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930