Ծանրամարտի Ռուսաստանի կանանց ազգային հավաքականը ապրիլի 10-ին Նորվեգիայում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը կմասնակցի հիսուն տոկոսանոց կազմով: Այսպիսի բան դժվար է մտաբերել:
Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան իր պաշտոնական կայքեջում տեղեկացնելով այս մասին՝ գրում է, թե իբր շատերը չեն հասցրել անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել: «Եվրոպայի այս առաջնությունում մեդալների որեւէ պլան չկա: Ռուս ծանրորդների առջեւ թիմային պայքարում հաղթելու խնդիր էլ դրված չէ: Հաշվի առնելով մեր ծանրորդների առջեւ կարեւորագույն առաջադրանքների բացակայությունը, տնտեսական բարդ վիճակը, ինչպես նաեւ օլիմպիական խաղերին պատշաճ նախապատրաստվելու անհրաժեշտությունը, որոշվել է կանանց հավաքականի կազմն օպտիմալացնել: Մարզչական շտաբը նրանց Վլադիկավկազում կայանալիք Ռուսաստանի առաջնությանը պատրաստվելու ժամանակ է տվել», – ասվում է հաղորդագրությունում:
Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց հրաժարված աշխարհի 4-ակի ու Եվրոպայի 6-ակի չրեմպիոն, գերծանրքաշային Տատյանա Կաշիրինան իր այդ վճիռը մեկնաբանել է՝ իբր վախենում է դոպինգային սադրանքների եւ թյուրիմացությունների մեջ հայտնվելուց: Նրա խոսքերով, արտասահմանը բոլոր մարզաձեւերում ճնշում է գործադրում ռուսաստանցի մարզիկների վրա, նրանց դուրս բերում ասպարեզից: Թե անվանի մարզուհու այս հայտարարությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, քննարկելու թեմա է: Բայց հետաքրքիր է այն, որ Կաշիրինան փորձ է անում ստվեր նետել Եվրոպայի առաջնության ապագա չեմպիոնների ու մրցանակակիրների վրա՝ ասելով, թե Նորվեգիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը ուժեղագույն մարզիկները չեն մասնակցելու: ՌԾՖ-ի փոխանցմամբ, Նորվեգիա չեն մեկնելու նաեւ 69 կգ քաշային Յանա Կոնդրաշեւան եւ 75 կգ քաշային Մարիա Պետրովան, որոնք հեղել են հավաքականի կազմում, սակայն անհրաժեշտ մարզավիճակ ձեռք չեն բերել:
Ինչ վերաբերում է մեր կանանց հավաքականին, բոլորը նորմալ մարզավիճակում են եւ պատրաստվում են Հայաստանն արժանապատիվ ներկայացնել Եվրոպայի առաջնությունում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.04.2016