Նյու Յորքի բնակիչները հաստատել են, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Հիլարի Քլինթոնը երթևեկել է մետրոյով։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։
Մետրոյում Քլինթոնին ուղեկցել են մի շարք լրագրողներ, որոնք լուսաբանել են Քլինթոնի՝ մետրոյի միջոցով տեղաշարժը։ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Քլինթոնը, լրագրողների հետ զրույցի ընթացքում, հիշել էր, որ վերջին անգամ օգտվել էր մետրոյից մեկ կամ երկու տարի առաջ։
Հիլարի Քլինթոնի մուտքը Նյու Յորքի մետրոյի կայարաններից մեկը իսկական իրարանցում է առաջացրել այդ պահին մետրոյում գտնվող մարդկանց շրջանում, որոնք լուսանկարվել են Քլինթոնի հետ և ողջունել նրան։ Մետրոյով ամբողջ ճանապարհորդության ընթացքում Դեմոկրատական կուսակցության անդամին ուղեկցել են ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները։
Վերլուծաբանները նշում են, որ Քլինթոնի մուտքը Նյու Յորքի մետրո յուրօրինակ պատասխան էր Դեմոկրատական կուսակցությունից նախագահ առաջադրվելու համար պայքարող մեկ այլ թեկնածուին՝ Բերնի Սանդերսին։ Բանն այն է, որ Սանդերսը իր ելույթներից մեկում ասել էր, որ ԱՄՆ-ում մետրոյով երթևեկելու համար քաղաքացիներին անհրաժեշտ են ժետոններ, իսկ ԱՄՆ-ի մետրոներում վաղուց արդեն գործում է քարտային համակարգ։ Այս հայտարարությանն ի պատասխան Քլինթոնն ասել է, որ ամերիկացիները չեն օգտվում ժետոններից, և մետրոյով երթևեկելու համար անհրաժեշտ է միայն համապատասխան քարտ։
Կարդացեք նաև
Ուշագրավ է, սակայն, որ Քլինթոնին հեշտ չի հաջողվել մուտք գործել մետրո։ Մուտքի համար նախատեսված քարտը բավականին դժվարությամբ է ենթարկվել նրան և մետրոյի երկաթաճաղերը բացվել են քարտը գործի դնելու միայն հինգերորդ փորձից։