Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՆՋՎԱԾԻ ՏԵՂՈՒՄ

Ապրիլ 08,2016 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ   քսանյոթերորդ

ՋՆՋՎԱԾԻ ՏԵՂՈՒՄ

Վարուժին ու էդ ջնջված նկարին վերադառնալով՝ պիտի ասեմ, որ էդ նկարը ջնջելու պահին հաստատ չարքն է Վարուժի ներսը սողոսկած եղել, եւ չնայած ջնջելու  պահին ձեր խոնարհ ծառան խանութում էր եղել, այդուհանդերձ, պատկերացնում եմ, որ միայն չարքի ու չարագործի ձեռքը կգնար՝ ջնջել Վարուժի էդ աննախադեպ սքանչելիքը, եւ եթե հովհարային անջատումը տեղի ունեցած չլիներ, ես, ըստ ամենայնի, լիֆտով կհասնեի ու կկանխեի էդ, ուրեմն, ահավոր ու անմարդկային ոչնչացումը, որովհետեւ, հիշում եմ, Վարուժը խոսքի մեջ նաեւ ասաց, որ եթե ընդամենը մի քանի րոպե շուտ հասնեի, հաստատ նկարը կփրկեի, եւ ես էն ժամանակ էլ ու հիմա էլ էդ ջնջված սքանչելիքը նկար եմ անվանում, մինչդեռ Վարուժը  մի քանի անգամ էդ հրաշքը խզբզոց անվանեց՝ նախքան ջնջելն ու ջնջելուց հետո էլ, եւ երբ մտա արվեստանոց, ջնջված նկարի մակերեսն ի վար սեւ ու մոխրագույն առվակներ էին չռռում, եւ Վարուժը խաղաղված ժպտում էր, եւ հիմա ենթադրում եմ, որ նկարը ջնջելիս է չարքը Վարուժի մեջ  գտնվելիս եղել, որովհետեւ երբ արվեստանոց մտա, Վարուժն արդեն խաղաղված ու գոհացած ժպտում էր, եւ որեւէ չարքի մասին խոսք անգամ լինել չէր կարող, որովհետեւ չարքին իր մեջ կրող անձնավորությունն ի վիճակի չէ էդպես խաղաղաված ու գոհացած ժպտալ, եւ հետաքրքիրն էն է, որ փոխանակ հիմա էդ օրվա իմ վիճակն ու հոգեվիճակը հիշեմ ու նկարագրեմ, մի գլուխ Վարուժի էդ օրվա վիճակն  ու հոգեվիճակն եմ հիշելով նկարագրում, բայց, էսքան նկարագրելով հանդերձ, ի վիճակի չեմ նկարագրել ու նույնիսկ պատկերացնել Վարուժին էդ հրաշալիքը ջնջելու պահին՝ էն պարզ պատճառով, որ երբ ես արվեստանոց մտա, նկարն արդեն ջնջված էր, եւ Վարուժն արդեն  խաղաղված ժպտում էր, եւ ամեն ինչ արդեն վերջացած էր, եւ սեւ ու գորշ առվակներն արդեն չռռում էին կտավի մակերեսն ի վար, եւ հիմա, երբ հիշողությունս ավելի եմ լարում, սկսում եմ հիշել, որ երբ Վարուժը չոր ու հաստ վրձինով մի քանի անգամ գնաց ու եկավ կտավի մակերեսով, սեւ ու գորշ հոսքերը մեկից դադարեցին, եւ շուտով Վարուժը նկարակալի կտավը մի կողմ թողեց ու անցավ գործի՝ սարդելկաները եփելու իմաստով, եւ քանի որ էդ պահին հովհարային անջատում էր, Վարուժի չոր սպիրտների վրա սարդելկաները եփեցինք, ավելի ճիշտ՝ ոչ թե եփեցինք, այլ անձամբ Վարուժը եփեց,  ու եփելու գործընթացը չափազանց կարճ տեւեց, եւ ուտելու գործընթացն առավել կարճ տեւեց, մինչդեռ էդ օրվա մեր գարեջրախմությունը չափազանց երկար տեւեց, որովհետեւ, իմ առած գարեջրերից բացի, մի քանի շիշ գարեջուր էլ Վարուժը սառնարանում ուներ, ու մեր գարեջրախմության ողջ ընթացքում  Վարուժի ջնջած նկարն աչքիս առաջ էր, եւ շարունակում էինք էդ ջնջվածի մասին խոսել, ու ես անտրամադիր շարունակում էի ափսոսանքս հայտնել, եւ Վարուժը  շարունակում էր մխիթարել ինձ, ու էդ ամբողջ ընթացքում ինքը նկարակալին դրված կտավին ինչ-որ բան էր քսմսում, ու ես էդ ընթացքում պատուհանից նայում էի դուրս, ուր ջրի հերթը  շարունակվում էր, ու քավորը շարունակում էր ցուցումներ տալ հերթ կանգնածներին, եւ, չնայած ջրի հերթին էի նայում, Վարուժի ջնջած նկարը մտքիցս ու մտապատկերիցս ոչ մի կերպ չէր ջնջվում, եւ Վարուժը շարունակում էր հաստ վրձինը քսմսել նկարակալի վրա դրված կտավին, եւ հընթացս ինձ նայելով՝ քթի տակ խնդմնդում էր ու ձեռի հետ էլ իր գարեջուրն էր ըմբոշխնում, ու ես էլ իմ գարեջուրն էի կում-կում կլանում՝ մերթ ջրի հերթին ու մերթ էլ Վարուժին նայելով, ու էդ ընթացքում Վարուժը շարունակում էր քթի տակ խնդմնդալ, եւ, հիշում եմ, երբ սուրճս պրծավ, ու տեղիցս վեր կացա, որպեսզի Վարուժի հսկայական սրճամանից բաժակիս մեջ էլի սուրճ լցնեմ, նկարակալի վրայի կտավին ինձ տեսա. ջնջվածի տեղում ու  ջնջվածի փոխարեն ծռմռված դեմքով մի ծերունի երեխա էր, ումից խլել էին իր ամենասիրած խաղալիքը, եւ դա, փաստորեն, իմ դիմանկարն էր, որն ընդամենը մի քանի րոպեի ընթացքում հայտնվել էր ջնջվածի տեղում, եւ Վարուժը ժպտադեմ ու հիացմունքով նայում էր մանուկ ծերունուն, որը մի քանի րոպեում էր ջնջվածի տեղում հայտնվել. այսինքն, ինչպես ասում են, Վարուժը մի շնչով ու ակնթարթորեն էր պատկերս քաշել եւ մի շնչով իր էդ քաշածին շարունակում էր հիացած նայել:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930