Այսօր Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցում տեղի ունեցավ շարքային Վիկտոր Յուզիխովիչի հոգեհանգստի կարգը: Նա ապրիլի 10-ին կդառնար 19 տարեկան: Քաղաքային, մարզային իշխանություններից, պատգամավորներից բացի մեծ թվով զինվորականներ ու ոստիկանության ներկայացուցիչներ էին մասնակցում մեր հերոսի հոգեհանգստի արարողությանը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հոգեհանգստի կարգն անցկացնելուց հետո ելույթ ունեցավ՝ հերոսի մորը մխիթարելով, որ նահատակված զինվորներն ամենամեծ նվերը տվեցին իրենց մորը՝ իրենց կյանքը:
«Մարդը դրանից մեծ տալու բան չունի, կյանքն ամենամեծ արժեքն է, դրա համար ապրիլյոթյան այս օրը մենք մեր խոնարհումն ենք բերում այն մայրերին, որոնք ծնեցին առյուծասիրտ երիտասարդներ, մեծացրեցին, դաստիարակեցին, ուղարկեցին բանակ, չզլացան, իսկ այդ երիտասարդներն էլ իրենց կյանքը նվիրեցին իրենց մորը ու մայր հայրենիքին: Ցանկացած որդի, որն իր մորը սիրում է, պատրաստ է իր կյանքը տալ այն անձնավորությանը, որն իրեն կյանք պարգեւեց, ինչպես եւ ամեն մայր պատրաստ է իր կյանքը տալու նրա համար, ում կյանք պարգեւեց: Մայր ու որդի այս հարաբերությունը առեղծվածային, անբացատրելի, անիմանալի հարաբերություն է Աստծո կողմից հաստատված», -ասաց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազանը հորդորեց մայրերին շատ զավակներ ունենալ, քանի որ մենք հավիտենական թշնամի ունենք, մենք հարատեւ պատերազմի մեջ ենք: Սրբազանը նաեւ նշեց, որ Վիկտոր նշանակում է հաղթանակ, Վիկտորը հաղթանակ բերեց հայ ժողովրդին:
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացրել ենք, Թալիշի պաշտպանության ժամանակ զոհված Վիկտորը բռնցքամարտիկ է, որը նվաճել է ոսկե ու արծաթե բազմաթիվ մեդալներ: Հարազատների ասելով, Վիկտորը իր կամքով է գնացել ծառայության. նա որպես առաջատար սպորտսմեն՝ հնարավորություն ուներ բանակ չգնալ, բայց միշտ երազել է լինել Արցախում ու հետախուզական խմբի մեջ: Հարազատների ասելով, ընտանիքն ապրում է սոցիալապես վատ պայմաններում. մայրը չի աշխատում, հայրն էլ ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, եկել էր՝ լսելով որդու մահվան գույժը:
Այսօր Բակո Սահակյանի հրամանով գյումրեցի հերոսին պարգեւատրեցին «Մարտական ծառայության» մեդալով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ