Թալիշի ազատագրումից հետո, երբ թշնամին անցել է իր կողմի զոհերի դիակները հավաքելուն, հայկական կողմից խոչընդոտի է հանդիպել: Այդպես հինգ ժամ պայքարելուց հետո հակառակորդն այլ մարտավարություն է բանեցրել` ականանետով հարվածել է այն հենակետին, որտեղ նաեւ Սարգիս Խալաֆյանն է եղել:
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Արծիվ-24» գումարտակի հրամանատար գնդապետ Սամվել Հովսեփյանը, որն արցախյան պատերազմի տարիներին Սարգիս Խալաֆյանի հրամանատարն է եղել: Նրան այսօր հանդիպեցինք ազատամարտիկի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի ունեցավ Մալաթիա, Սբ. Աստվածածին եկեղեցում:
Ըստ նրա ազատամարտիկ ընկերների, տարիներ անց Սարգիսն իրենով պաշտպանեց երիտասարդ զինվորների կյանքը: Հրամանատար Հովսեփյանն ասաց, որ Սարգիսը, որը առաջին անգամ պատերազմից վերադարձել էր վիրավորված, այս անգամ հայրենիքը պաշտպանեց կյանքի գնով:
Կարդացեք նաև
Սարգիս Խալաֆյանի որդին այս օրերին ծառայում է հայոց բանակում` Վայքի առաջնագծում, սակայն հայրը, պատերազմի մասին լուրը լսելուն պես շտապել էր Լեռնային Ղարաբաղ` Մատաղիս:
Սամվել Հովսեփյանի խոսքի մանրամասները տեսանյութում
Սարգիսը բազմազավակ հայր է, ունի չորս երեխա: Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից մեկնել է ռազմաճակատ, 20 տարի անց կրկին իր կամքով մեկնել ռազմի դաշտ: Ազատամարտիկի ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում` վարձով:
«Սարգիսը քաջարի զինվոր է եղել, ընտանիքի լավ հայր: Նախորդ պատերազմի ժամանակ պարգեւատրվել է մարտական ծառայության մեդալով, պատվոգրերով:
Չգիտեմ, էլ ո՞նց պիտի մարդն ապացուցի, որ հայրենիքն իր համար թանկ է: Կարելի է ասել հերոս անձնավորություն էր: Ղարաբաղում արդեն պարգեւատրել են մարտական ծառայության մեդալով, տեսնենք երեւի Հայաստանի հանրապետությունից էլ մարտական խաչի կարժանանա»:
Սարգիս Խալաֆյանի հոգեհանգստին մասնակցելու էին եկել ՀԱԿ խմբակցությունից, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ազատամարտիկներ, հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ.Գ.- Մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի