«Մի՞թե կարելի է այս ամենը ունենալով կասկածել, թե ինչ առաջադրանք էր ուզում կատարել Ադրբեջանը, մի՞թե կարելի է կասկածի տակ առնել, որ սա լոկալ նշանակության գործողություններ էին, այլ ոչ թե լայնածավալ, նախապատրաստված գործողություններ՝ կոնկրետ նպատակ հետապնդելով»,- ապրիլի 7-ին ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում, թվարկելով Ադրբեջանի օգտագործած ռազմական տեխնիկան, ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Նրա խոսքերով՝ այդ գործողություններն ուղղված էին մխրճվելու Արցախի Հանրապետություն. «Այդ մշակված օպերացիան չի հաջողվել: Ուզում եմ ավարտել հանդիպումը, որ այդ ռազմական գործողությունը չի հաջողվել ի շնորհիվ Արցախի Հանրապետության զինված ուժերի, նրա ժամկետային զինծառայողների, հրամանատարական կազմի, մայր Հայաստանից Արցախ այցելած տարբեր կամավորական ջոկատների, աշխարհի տարբեր երկրներից իրենց նախնիների կանչով արագ արձագանքած եւ Արցախում հայտնված միանգամից մարտի մեջ մտած հայ զավակների: Եվ այդ դրսեւորումն է, որ թույլ է տվել կանգնեցնել Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողությունները:
Այս պահի դրությամբ մենք իրականացնում ենք մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ հաշվի առնելով Ադրբեջանի պահվածքը վերջին մի քանի տարիներին, եւ եթե Ադրբեջանը փորձի նորից խախտել հրադադարի ռեժիմը մենք իրականացնելու ենք հաջորդ անհրաժեշտ հակահարվածը: Դա միշտ լինելու է մեր ռազմավարության հիմքում: Մենք այդպիսի հակառակորդի, պայմանավորվածություններն այդպես հարգող հակամարտության կողմի նկատմամբ չենք կարող ունենալ այլ մոտեցում: Այդ ամենի հետ մեկտեղ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման ցանկացած տարբերակին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ