Քաղաքացի Սամվել Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել 06.12.2015թ. Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում, լինելով Երևան քաղաքի 4/12 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, այլ անձանց փոխարեն քվեարկելու մեկ միասնական դիտավորությամբ թիվ 1 մատյանում կեղծիք կատարելու եղանակով այլ քաղաքացիների փոխարեն քվեարկելու համար:
Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 153 հոդվածով: Արաբկիր եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր այս գործով նախնական դատական նիստ էր: Մեղադրյալը միջնորդեց արագացված դատաքննության կարգով վարել նիստը: Մեղադրյալն ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքն ամբողջ ծավալով: Մեղադրող դատախազն էլ հետաքրքրվեց, թե մեղադրյալն ամուսնացա՞ծ է, երեխաներ ունի՞.այս հանգամանքները կարող են պատժաչափը մեղմացնող հանգամանքներ լինեն: Պարզվեց 30-ամյա Սամվելն ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա: Բայց երեխաներ ունենալու վերաբերյալ ոչ մի փաստական ապացույց չի ներկայացրել նախաքննական մարմնին:
Դատական նիստը հետաձգվեց, որ Սամվելը կարողանա երեխաների մասին ապացույցները դատարան ներկայացնի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ