Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյան. «Մենք պատերազմում ենք խաղաղության համար»

Ապրիլ 07,2016 21:15

«Այսօր դուք բոլորդ ականատես եք, որ նրանք իրականացնում են ակտիվ միջոցառումներ, եւ այդ ակտիվ միջոցառումները բերել են նրան, որ պայմանավորվածություն է եղել կրակը դադարեցնելու մասին»,- ապրիլի 7-ին  ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Նա նշեց, որ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կներկայացվեն տեսակետները եւ պահանջները. «Հաշվի առնելով, որ նրանք Ադրբեջանում հանդիպում են ունեցել Ադրբեջանի ղեկավարների հետ, Ադրբեջանի նախագահի հետ, բնականաբար, մեզ հետաքրքրում է, թե ինչպիսինն է տպավորությունը, ինչ հարցեր են քննարկել Ադրբեջանի ղեկավարության հետ: Եվ քանի որ Մինսկի խմբում կա ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որը իրականացնում է դիտորդական առաքելություն շփման գծում, բնականաբար, մենք առաջարկություններ ունենք նաեւ այդ առումով»:

Լրագրողներից մեկի հարցին, թե Արցախը հիմա պատերազմին է պատրաստվո՞ւմ, թե՞ խաղաղության, Բակո Սահակյանը պատասխանեց. «Մեր այս երկար տարիները հնարավորություն են տվել հասկանալու, որ մենք պատերազմում ենք ոչ թե պատերազմի համար, մենք պատերազմում ենք խաղաղության համար: Այս վերջին ռազմական գործողությունները, այս պատերազմական գործողությունները մենք նույնպես այդպես ենք ընկալում: Պատրաստ ենք զոհաբերվելու, պատրաստ ենք զրկանքներ կրելու, հնարավորություն ունենալու վերջնական ազատություն ձեռք բերելու: Կապված, թե ինչքանով է մեզ մոտեցրել այս զարգացումները համաձայնություններ ձեռք բերելու, մենք այս տարիների ընթացքում բազմաթիվ պայմանավորվածություններ ենք ունեցել՝ այդ թվում նաեւ կրակի դադարեցման հետ կապված:

Այդ բոլոր պայմանավորվածությունները խախտվում էին, եւ այդ խախտումները բերում էին նորանոր զոհերի: Այս պահի դրությամբ, հաշվի առնելով այդ հանգամանքը, որ մենք գործ ունենք մի կողմի հետ, որ այս երկար տարիների ընթացքում չի պահպանել այդ պայմանավորվածությունները, մենք այս պահի դրությամբ իրականացնում ենք աշխատանքներ այդ հրետանակոծությունից տուժած քաղաքացիների համար նվազագույն սոցիալական պայմաններ ստեղծելու միջոցառումներ, իրականացնում ենք բազմաթիվ այլ միջոցառումներ, անցկացնում ենք օպերատիվ եւ աշխատանքային միջոցառումներ: Այդ ամենի հետ մեկտեղ՝ բոլորին հորդորում ենք լինել զգաստ՝ հաշվի առնելով այն, որ այս երկար տարիների ընթացքում մենք ունենք տասնյակ պայմանավորվածություններ, բայց Ադրբեջանը հետագայում խախտում է»:

Նա հավելեց, որ ապրիլի 1-ին լույս 2-ին իր հրամանին ավելացրել է, որ եթե Ադրբեջանը հերթական անգամ խախտի վերջին ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա այդ դեպքում, ինչպես ապրիլի 1-ի լույս 2-ին, զինված ուժերը մյուս ստորաբաժանումների հետ միասին հասցնեն հաջորդ հարվածը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930