Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում մեկնարկել է խմելու ջրագծի շինարարությունը: 92 միլիոն դրամ արժեքով ծրագիրը ֆինանսավորում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, ծրագրի արժեքի 4 տոկոսի չափով ներդրում է կատարել Ոսկեպար համայնքը՝ ռուսաստանաբնակ ոսկեպարցիների ֆինանսական հանգանակության եւ համայնքի բյուջեից մասհանման միջոցով:
Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանն ասաց, որ 7750 մ երկարությամբ ինքնահոս ջրագիծը սկիզբ է առնում Ոսկեպարի անտառից, այն վայրկանում 4 լիտր խմելու ջուր կմատակարարի Ոսկեպարին: Նրա վկայությամբ՝ այժմ գյուղն ունի վայրկանում 1.5 լիտր խմելու ջուր: Ջրատարի գործարկմամբ կլուծվի Ոսկեպարի խմելու ջրի խնդիրը, նաեւ կոռոգվեն սահմանամերձ գյուղի տնամերձ տարածքները:
Ջրագծի շինարարությունը կատարում է «Բազալտ-Մ» ՍՊԸ-ն, աշխատանքներում ընդգրկված են Ոսկեպարի մեկ տասնյակ բնակիչներ: Ծրագրով նախատեսված է ջրագիծը գործարկել 245 օրում, սակայն Ե. Եգանյանի խոսքերով՝ գործն ավելի շուտ կիրականացվի:
Ոսկեպարի անտառի որակյալ ջուրը, որը Ոսկեպար գետին խառնվելով՝ Ադրբեջան է հոսում, ջրագծի գործարկմամբ կմատակարարվի սահմանամերձ գյուղի բնակիչներին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ