Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում լրագրողների հետ հանդիպեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Լրագրողները նախագահից հետաքրքրվեցին, թե մինչ այս որտե՞ղ է եղել: Նա պատասխանեց, որ իրենք չեն սահմանափակվում դասական ծառայողական պարտականությունների իրականացմամբ. «Այդ օրը, մենք գտնվելով մեր աշխատասենյակում, գիշերը 1:15, քանի որ ունեինք տեղեկություն, որ հակառակորդը որոշակի շարժ է իրականացնում, եւ այդ տեղեկությունը արժանացել էր իմ ուշադրությանը: Ես իմ գործընկերներին հրավիրել եմ քննարկելու այդ տեղեկությունը, հրավիրել եմ բանակի հրամանատարին՝ գեներալ Մնացականյանին, հրավիրել եմ Ազգային անվտանգության պետին, ինչպես նաեւ ոստիկանապետ գեներալ Աղաջանյանին: Եվ մենք քննարկել ենք այդ տեղեկությունը կապված հակառակորդի որոշակի շարժի հետ:
Քանի որ մենք այս վերջին ժամանակաշրջանում գտնվում ենք հակառակորդի կողմից կրակի ակտիվ խախտման հաճախակի պայմաններում, այդ տեղեկությունը մենք ընդունել ենք որպես հակառակորդի կողմից հերթական անգամ ձեռնարկվող գործողություն այդ ժամանակաշրջանին համահունչ, եւ մեր մյուս գործողությունները իրականացրել ենք ընկալելով այդ տեղեկությունը՝ որպես լոկալ հատվածում հերթական սպասվող զարգացում: Եվ մենք այդպիսի ընկալմամբ, այդպիսի նախնական տպավորություններով ցտեսություն ենք հայտնել մեկը մյուսիս եւ մեկնել ենք հանգստանալու: Երբ մենք բաժանվել ենք, պաշտպանության բանակի հրամանատարը, այնուամենայնիվ, մեկնել է իր աշխատասենյակ եւ սկսել է լրացուցիչ ստուգումներ իրականացնել»:
Բակո Սահակյանը հավելեց, որ այն պահից, երբ ինքը գտնվել է պաշտպանական բանակի հրամանատարական կետում, ծանոթանալով ստեղծված օպերատիվ իրավիճակին, տվել է համապատասխան կարգադրություններ, հանձնարարականներ, ցուցումներ, ինչպես նաեւ հրաման է տվել պաշտպանության բանակի հրամանատարին՝ գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանին կազմակերպել ոչ թե դիմադրություն, այլ իրականացնել միջոցառումներ հակառակորդի գործողությունները կասեցնելու համար՝ նպատակ ունենալով նրա կենդանի ուժը եւ միջոցները ոչնչացնել. «Այդ հանձնարարականը կատարել են Արցախի հերոսական բանակի ժամկետային զինծառայողները, սպայական կազմը, Արցախին օգնության հասած մայր Հայաստանից կամավորական ջոկատները, աշխարհի տարբեր երկրներում գտնվող եւ տարբեր ժամանակաշրջաններում արդեն իսկ մարտի մտած մեր հայրենիքի զավակները, այդ առաջադրանքը փառքով կատարվել է պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի գլխավորությամբ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ