Լրահոս
Օրվա լրահոսը

«Լսեցի՞ք, գնացեք վճարեք». Մինչեւ ապրիլի 1-ը ԵՏՄ-ից մեքենա ներկրողները պետք է հարկ վճարեն

Ապրիլ 07,2016 19:25

Ինչ մարդիկ իմացել են, որ ԵՏՄ-ից մեքենա ներկրելու հարկը՝ ԱԱՀ-ն հանել են, միտումնավոր չեն գնում մաքսային եւ չեն կատարում վճարումները, մինչեւ օրենքը կմտնի ուժի մեջ: Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը բացատրեց, թե որ դեպքում պետք է վճարեն, որ դեպքում՝ ոչ:

Այսօր ԱԺ-ում քննարկվեց կառավարության կողմից ներկայացված «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» եւ «Բնապահպանական դրույքաչափերի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասաց, որ առ այսօր բնապահպանական վճարները կատարվում են մաքսային մարմիններին՝ 10-օրյա ժամկետում: Բայց ԵՏՄ անդամակցության շրջանակներում ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծելիս մաքսային հայտարարագրում չի կարող կատարվել: Դրա համար նախագծով առաջարկվում է, որ բնապահպանական վճարները վճարվեն հարկային մարմիններին ու ոչ թե 10-օրյա ժամկետում, այլ ներմուծմանը հաջորդող ամսվա մինչեւ 20-ը. «Այսինքն, բիզնեսը 50 օր ժամանակ է ունենում ավելի ուշ կատարելու վճարումը»:

Ըստ Միրումյանի, սա հեշտացնելու է ներմուծողի գործը, ավելորդ քաշքշուկից ազատելու, քանի որ ներմուծման հարկային հայտարարագիր այսպես թե այնպես պետք է ներկայացներ, միանգամից նաեւ բնապահպանական վճարն էլ կանի: Եթե ներմուծված ապրանքով պատրաստվում է մեկ այլ ապրանք, որի համար գործարարը եւս վճարում է բնապահպանական վճար, արդեն պետք է վճարի 1 անգամ՝ կրկնակի հարկումից ազատվում է:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարցրեց. «Նախագծում խոսք կա մեքենաների ներմուծման մասին՝ 5 տարուց ավելի, մինչեւ 10 տարի առաջ թողարկված եւ այլն: Անցած անգամ մենք ԵՏՄ-ից մեքենաների ներմուծման դեպքում ԱԱՀ-ից ազատեցինք ֆիզիկական անձանց: Հիմա երկակի ստանդարտներ չե՞ն կիրառվում»:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ ի տարբերություն ԱԱՀ-ի, ներմուծվող ավտոմեքենաները բնապահպանական վճարի օբյեկտ են. «ԵՏՄ անդամ բոլոր երկրները ունեն այդ վճարը: Երբ ներմուծված մեքենան հին է, կարող է վնաս պատճառել, նման վճար է նախատեսվում»:

Ի դեպ, ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հարցրեց՝ ինչ մարդիկ իմացել են, որ ԵՏՄ-ից մեքենա ներկրելու հարկը՝ ԱԱՀ-ն հանել են, միտումնավոր չեն գնացել մաքսային եւ չեն կատարել վճարումները, մինչեւ օրենքը կմտնի ուժի մեջ եւ այդ հարկը չեղյալ կհամարվի: Սպասե՞ն, թե՞ նրանց վրա դա չի տարածվելու: Հիշեցնենք, որ այդ օրենքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ բոլոր այն մարդիկ, որոնք մեքենան ներմուծել են այդ ամսաթվից առաջ, նրանք ստիպված են դեռ վճարել հարկը. «Անկախ ձեւակերպումներ կատարելու հանգամանքից, ԱԱՀ-ն պետք է վճարվի հարկային մարմիններին: Իսկ ապրանքների ներմուծման ամսաթիվ է համարվում տվյալ ապրանքը պետական սահմանը հատելու օրը՝ անկախ մաքսային ձեւակերպման ամսաթվից»:

«Հարգելի՛ ժողովուրդ, լսեցի՞ք, գնացեք վճարեք»,- դիմելով քաղաքացիներին՝ ասաց ՀՀԿ պատգամավորը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930