Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապաշնորհ ներքին քաղաքականության և նույնքան ապաշնորհ արտաքին քաղաքականության հեղինակությունը վերականգնեց հայ զինվորը

Ապրիլ 07,2016 19:15

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը պատերազմի վերսկսմանը և դրան հաջորդող իրադարձություններին`Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ թեև այստեղ չի կարելի օգտագործել «գենոցիդ» բառը, բայց այն, որ Ադրբեջանի ղեկավարի նպատակը հայ բնակչության ոչնչացումն էր, միանգամայն պարզ է, քանի որ պատերազմը ոչ միայն զինված ուժերի դեմ էր, այլև խաղաղ բնակիչների, որի ապացույցը խաղաղ բնակավայրերի ռմբակոծումն ու Թալիշ գյուղի դեպքերն են:

Իրավապաշտպանը կարծում է, որ Ադրբեջանը ռազմական ներխուժմամբ առնվազն երկու նպատակ է հետապնդել. «Առաջինը` «բլիցկրիգով» միանգամից գրավել և կոտորել տեղի ժողովրդին, իսկ դա ձախողելու դեպքում`որոշակի դիրքեր գրավելն ու իրենց ցանկացած բանակցությունները պարտադրելն էր, այսինքն` ինչպես իրենք են պատկերացնում «հայկական ուժերին ստիպել գնալ զիջումների մինչև վերջ»: Ադրբեջանական ծրագիրը փաստորեն ձախողվեց»:

Թեև 1994թ.-ին կնքվեց անժամկետ զինադադարը, բայց պատմությունը ցույց է տալիս, որ այդ պայմանագրերը հիմնականում չեն գործում, ասում է Ավետիք Իշխանյանը և որպես օրինակ նշում խորհրդա-գերմանական պայմանագիրը(1939թ.):

«Իրականում Ադրբեջանը 1994թ.-ից սկսած պատրաստվում էր պատերազմի, իսկ արդյո՞ք մենք էլ էինք պատրաստվում պատերազմի, թե հույս էինք դրել միջազգային հանրության վրա»:

Այս տեսակետից իրավապաշտպանը զարմանալի է համարում երեկ Գերմանիայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը կռվում է 80-ականների զենքերով. «Դա ի՞նչ է նշանակում, այսինքն, երբ մեզ հավաստիացնում էին, որ մենք ունենք արդիական պաշտպանական համակարգ, պարզվում է, սու՞տ է: Իսկ եթե այդ հայտարարությունը միջազգային հանրության աչքերին թոզ փչելու համար էր, ապա դա որևէ քննություն չի բռնում, քանի որ դրանով ցույց ենք տալիս Ադրբեջանին, որ մենք լիարժեք պաշտպանված չենք, իսկ եթե մեր տղաներն իսկապես կռվում են 80-ականների զենքերով, ապա դա խայտառակություն է: Փաստորեն այս պատերազմի սանձազերծման միակ հույսը մեր արիությունն էր: Ապաշնորհ ներքին քաղաքականության և նույնքան ապաշնորհ ու երկչոտ արտաքին քաղաքականության հեղինակությունը վերականգնեց հայ զինվորը»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930