Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևը այս 4 օրում մեծ փողեր լվաց». Աիդա Սերոբյան

Ապրիլ 07,2016 18:20

«Ադրբեջանցուն չպետք է թողնել, որ ծնկից բարձրանա, հենց ուզում է բարձրանալ, անմիջապես ծունկը կոտրել է պետք, ինչպես արեցինք այս 4 օրերի ընթացքում»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կին ազատամարտիկների միության» նախագահ, ազատամարտիկ, փոխգնդապետ Աիդա Սերոբյանը:

Նա հիշեց պատերազմական տարիները՝ նշելով, որ եղել է ազատագրական ջոկատների անդամ, բուժաշխատող, պատերազմի ընթացքում 4 անգամ վիրավորվել է և առողջական խնդիրների պատճառով չկարողացավ այս անգամ գնալ. « Երբ մարտնչում էի Մարտակերտի Հաթեր շրջանի ազատագրական  ջոկատում, մեր ջոկատում կռվում էր 12 տարեկան երեխա և 78 տարեկան պապիկ: Այն ժամանակ Հայաստանն ու Արցախը կանոնավոր բանակ չունեին. կամավորներն էին գնում պատերազմ, մեծ, փոքր կապ չուներ: Երբ պետք է ազատագրեինք Մարտակերտի շրջանի Լուլախ գյուղի բարձունքը, մեզ հետ կային 12,13 տարեկան երկու երեխա՝զենքերը ձեռքբներին: Առաջ էինք գնում, շատ լերկ բարձունք էր, որտեղ ադրբեջանցիները  վաղուց դիրքավորված էին. մտովի արդեն հրաժեշտ էի տալիս երեխաներիս՝ այդ բարձունքը տեսնելով:  Հանկարծ երեխաների խոսակցությունը լսեցի՝ ա գինանք այդ սոտկեն գրավինք: Հրամանատարին ասացի, որ երեխաներին չտանենք, նա հետ եկավ, կանգնեց երեխաների կողքին՝ ասելով, որ իրենք մնում են: Երեխաները սկսեցին լացել, ոտքերը գետնին էին խփում, ուզում էին գալ: Ու երբ շարժվեցինք առաջ՝ սարը բարձրանալիս, 12 տարեկան երեխան մեր ետևից գոռաց՝ Աստված տա սաղդ էթաք կոտորվիք, որ մեզի չեք տանում: Հետո, երբ վիրավորներին էի խնամում, տղաներից մեկն ասաց ՝սա են լակոտի անեծքն էր: Տեսեք այդ երեխայի ցանկությունն ինչքան մեծ էր պատերազմ գնալու: Այդ երեխաներն են այսօր մեծացել ու կռվում սահմանին»:

Հանդիպմանը ներկա ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ այս օրերի ընթացքում պատգամավոր, կուսակցական կանանց հետ այցելել են հոսպիտալ հանդիպելու վիրավոր զինվորներին. «Շատ կարևոր է վիրավոր զինվորի կողքին լինելը, նրան հույս ներշնչելն ու ոգևորելը: Մասնակցություն ունեցանք Արցախ ուղարկվող նյութական օգնությանը: Հանդիպում ունեցանք վինվորների մայրերի հետ, կոնտակտային տվյալներ տրամադրեցինք, որ յուրաքանչյուր հարցի դեպքում դիմեն: Իմ խորին խոնարհումը այն մայրերին, որ որդեկորույս դարձան. կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը իր ներսում կորցրեց այդ տղաներին»:

Նա հավելեց, որ շատ դժվար է որդեկորույս մորը համբերության կամ մխիթարության կոչեր անել. կոչը պետք է ուղղել ժողովրդին՝ միահամուռ լինելու, մեկ բռունցք դառնալու համար, քանի որ բռունցքից է վախենալու թշնամին, և բռունցքի առաջ են հաշվի նստելու գերտերությունները, որոնց տարբեր մոտեցումների արդյունքում մենք հայտնվել ենք այս վիճակում. « Այսօր խորհրդարանում կին գործիչներով կոչ ենք պատրաստել հայության և միջազգային հանրության համար, որ բոլոր կանայք միավորվեն մեզ հետ, և ոչ ասենք նման ոճրագործություններին: Որևէ երկիր ապահովագրված չէ սրանից: Պետք է տալ հստակ գնահատական այն ոճրագործություններին, որ այսօր հրահրում է Ադրբեջանը, եթե այսօր այդ երևույթին ճիշտ գնահատական չտանք, ապա չի բացառվում, որ այն կարող է սպառնալ այլ երկրների»:

Տիկին Սերոբյանը չի զարմանում, որ հնարավոր է, այսօր ադրբեջանական սահմանին կռվում են ԻՊ-ի զինվորներ, քանի որ պատերազմի ժամանակ էլ էին վարձական զինվորներ կռվում իրենց դեմ. «Շատ դատապարտելի է այն ագրեսիան, որ ցուցաբերեց Ադրբեջանը, ոչ միայն հենակետերի, այլ նաև խաղաղ բնակչության հանդեպ. հանկարծակի հարձակվելով՝ օգտագործեց անթույլատրելի զենքեր: Ալիևը այս 4 օրում մեծ փողեր լվաց:  Թե՜ արցախյան պատերազմում, թե՜ հիմա կարևոր չէ՝ ինչ զենքով ես մարտնչում, կարևորը զինվորի ոգին է: Մենք դեռ ունենք Շահումյան, Արևմտյան Հայաստան. ադրբեջանցին թող այնպես չանի , որ Բաքվի հետ հարցերը լուծելուց հետո թեքվենք այնկողմ»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930