Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի գրող. «Պատերազմների ժամանակ միշտ հաղթում ենք, խաղաղության ժամանակ՝ տանուլ տալիս»

Ապրիլ 07,2016 18:12

Արցախի պետական օրհներգի հեղինակ, արցախցի բանաստեղծ, հրապարակախոս եւ դրամատուրգ Վարդան Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն անսպասելի չէր արցախցու համար. «Մենք կանխազգում էինք այդ այլանդակությունները, բոլոր ժամանակներում էլ համոզվել ենք, որ թուրքը եւ ադրբեջանցին չեն փոխվում, Ադրբեջանի ու Թուրքիայի հանդիպումները, գնալ-գալը, խմորումները ի վերջո պետք է բերեին այս ամենին: Ադրբեջանցիներն այնքան էին հղփացել, զենք կուտակել, բայց ինչպես Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա, որ իրենք են առաջինը սկսել, հաղթել չեն կարող, որովհետեւ կռվել չգիտեն, մերոնք նրանց խլած զենքերով են հաղթանակը հիմնականում ապահովել: Հիմա էլ, եթե մեզ չկանգնեցնեին, կարող էինք շատ ավելին անել, մեր զինվորը լավ կռվել գիտի, ոգին բարձր է, ադրբեջանական զենքին, նավթին, հարստություններին կամա թե ակամա հակադրվում է հայ զինվորի ոգին»:

Գրողը հուզմունքով պատմում է. «Այս օրերին ժողովուրդը միասնական ելավ այդ ամենի դեմ, մեր հրապարակում, որտեղ Հայրենյանց պաշտպանի շենքն է, աշխարհի տարբեր ծայրերից, Մայր Հայաստանից, Արցախի տարբեր գյուղերից գալիս հավաքագրվում էին, ու բնավ հուսահատ վիճակում չէին, պարզապես լուռ, տխրության միջից ժպտալով, մոտենում թղթերը ներկայացնում, հերթագրվում էին…Դրա մեջ ուժ տեսանք, կամավորները հասցրին կանգնել երիտասարդ զինվորների կողքին, իսկ երիտասարդ զինվորներն այնքան նվիրված էին, ոգին բարձր, չէին ուզում զիջել իրենց դիրքերը: Սահմանի վրա կանգնած հայ մարդը, ղարաբաղցին միշտ մտածում է, որ խաղաղությունս ում հետ ասես կկիսեմ, բայց հանուն հայրենիքի իմ կռիվը ոչ մեկի չեմ տա, որովհետեւ ինքն է իր երկրի տերը, ինքը պետք է իր կռիվը մղի եւ կոփի իր հաղթանակը:

Երբեք ոչ մի հայ, ոչ մի արցախցի չի կասկածել, որ հաղթանակը մերն է, ուղղակի ցավալի է, որ շատ զոհեր ու կորուստներ եղան, ցավալի է ամեն օր օձի գլուխ ջարդելը, դա այնքան էլ հաճելի բան չէ, բայց մենք ստիպված ենք, մեր աշխարհագրական դիրքն է այդպիսին:

Ցավոք, մենք միշտ խաղաղության ժամանակ ենք տանուլ տալիս, ու պատերազմների ժամանակ միշտ հաղթում ենք, խաղաղության ժամանակ չենք կարողանում միասնական ձեւով մեր ուշադրությունը սեւեռել այն խնդիրների վրա, որոնք կանգնած են մեր ժողովրդի առաջ:

Տարիներ շարունակ մեր մի կողմում թուրքն է, մյուս կողմն՝ ադրբեջանցին, ու նրանք չեն փոխվում:

Մենք մինչեւ այսօր հպարտանում ենք, թե գիտության մարդիկ ունենք, սակայն դեռեւս չենք ստեղծել զենքի արտադրության կենտրոն, մի բան, որ կա աշխարհի տարբեր պետություններում, չունենք ազգային համահայկական ծրագիր, որը սրբազան գիրք պետք է լինի եւ ինձ համար, եւ ամերիկահայի եւ ֆրանսահայի ու բոլորի համար: Հեռահար գործունեությունների մեջ չենք կարողանում լինել այն, ինչ կանք: Դեռեւս Ավետիս Ահարոնյանն էր ասում՝ թուրքերը ազգ չեն, բայց ժողովուրդ դարձան, իսկ մենք չենք կարողանում…

Ադրբեջանում ավազակախմբերը պետություն դարձան Լենինի օրոք, դրանց առաջը պետք է առնել, հիմա էլ իսլամիզմը ամբողջ Եվրոպան է վերցրել ու իրենց արմատը Թուրքիայում է: Քաղաքակիրթ աշխարհը սրա դեմը պետք է առնի: Բացի այդ, ոչինչ մարդուն այնպես չի վնասում, ինչպես կեղծ բարեկամությունը: Ինչքան կարող է սա շարունակվել, ձեռք մեկնենք սրան-նրան: Մենք դատապարտված ենք ուժեղ լինելու, եթե այդպիսին լինենք, կարողանայինք միջուկային զենք կիրառել, Թուրքիան եւ Ադրբեջանը հարգանքով կխոսեին մեզ հետ…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930