Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը` ամբաստանյալին. «Ձեր տեղը Թալիշն է»

Ապրիլ 07,2016 18:00

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատանում այսօր դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ տեղի ունեցավ Սարգիս Խաչատրյանի գործով դատական նիստը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում հանդիսանալով թիվ 198 ավագ դպրոցում տեղակայված թիվ 2/36 տեղամասային հանձնաժողովի անդամ, կեղծել է 2015թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեի արդյունքները:

Ամբաստանյալի ինքնությունը ճշտելուց հետո դատավոր Ուզունյանը հարցրեց, թե երբ եւ որտեղ է ծառայել Սարգիս Խաչատրյանը: Պատասխանը եղավ` «Թալիշում», ինչին դատավորն այսպես արձագանքեց. «Երկրի համար օրհասական պահին ձեր տեղը Թալիշն է, որովհետեւ ծանոթ եք ամեն քարին եւ ծառին…»:

Դատախազ Ա. Շահբազյանի կողմից հրապարակվեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի. «Իր տեղամասում «Այո»-ի բացարձակ հաղթանակն ապահովելու եւ հանրաքվեի արդյունքները կեղծելու դիտավորությամբ, Սարգիս Խաչատրյանը կեղծ տեղեկություններ է մտցրել ընտրացուցակներում` 81 անձանց կողմից քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ»:

Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, ամբաստանյալը քվեաթերթիկները եւ ծրարները թաքցրել է ծոցագրպանում, սեղանի վրայից գաղտնի վերցրել անհատական կնիքներ, քվեարկությանը չմասնակցած անձանց փոխարեն լրացրել է անձնագրի մտացածին սերիաներ եւ համարներ, իր հանգստի ժամին դուրս գալով տեղամասից` ծոցագրպանում պահված քվեաթերթիկներում «Այո» նշել, ապա կրկին թաքցրել ծոցագրպանում` հետագայում քվեատուփերի մեջ լցնելու նպատակով. «Բնական կարիքները հոգալու պատրվակով դուրս է եկել քվեարկության սենյակից, գնացել զուգարան, որտեղ էլ թվով 20 քվեարկած քվեաթերթիկների «Այո»-ի վանդակում կատարել է համապատասխան նշում, տեղադրել քվեաթերթիկները ծրարների մեջ, ապա կրկին թաքցրել ծոցագրպանում, վերադարձել քվեարկության սենյակ: Մինչ նա փոխարինել է զուգարան գնացած հանձնաժողովի մեկ այլ անդամին, այդ ընթացքում ծոցագրպանում թաքցրած քվեաթերթիկները լցրել է քվեատուփի մեջ»:

Խաչատրյանի փաստաբանը` Էդիկ Մայսուրյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն ընդունում է մեղքը: «Պաշտպանյալս նախկինում արատավորված չի եղել, կինը սպասում է երրորդ երեխային, եւս երկու անչափահաս երեխա ունեն: Դպրոցի կոլեկտիվն էլ նրան հարգում է: Նա ընդունել է հանցանքը, այս հիմքով խնդրում եմ հնարավորինս մեղմ պատիժ սահմանել»,-պաշտպանական ճառի ընթացքում ասաց փաստաբանը եւ  խնդրեց քննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանը բավարարեց այդ միջնորդությունը:

Ներս հրավիրված վկաներին դատավորը տեղեկացրեց, որ, ըստ այդմ, նրանք ազատված են ցուցմունք տալու պարտականությունից: Դատախազն էլ ներկայացրեց ամբաստանյալի պատիժը մեղմացնելու հանգամանքները. «Նա ունի երկու անչափահաս երեխա, որոնք գտնվում են իր խնամքին, բացի այդ, աջակցել է հանցանքի բացահայտմանը եւ զղջացել արարքի համար: Միջնորդում եմ մեղավոր ճանաչել եւ դատապարտել ազատազրկման` 3 տարի ժամկետով»:

Վաղը կհրապարակվի դատական ակտը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930