Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. Հովիկ Աբրահամյանը պետք է հրաժարվի մասնակցել ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովին

Ապրիլ 07,2016 17:57

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում ապրիլի 7-ին կազմակերպած փորձագիտական կլոր սեղանի ընթացքում «Իրազեկ քաղաքացիներ» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին: Մասնավորապես՝ նա անդրադարձավ այն հանգամանքին, որ ԵԱՏՄ վարչապետների համաժողովը, որը պետք է տեղի ունենար Երեւանում, Ղազախստանի առաջարկությամբ հետաձգվեց եւ տեղափոխվեց Մոսկվա:

«Այս հետաձգման պատճառաբանությունը ներկայացվում էր, որ չստացվի, որ հանկարծ ԵԱՏՄ-ն սատարում է կողմերից որեւիցե մեկին: Պարզապես, ես ուզում եմ հիշեցնել, որ ԵԱՏՄ անդամ երկրները, նաեւ ՀԱՊԿ անդամ երկրներ են, եւ իրենք ՀԱՊԿ պայմանագրով պարտավոր են սատարել Հայաստանին: Եթե Հայաստանը ընդունվում է որպես կոնֆլիկտի կողմ, ապա այդ երկրները պարտավոր են սատարել Հայաստանին՝ այդ թվում նաեւ ռազմական ուժով: Եթե Հայաստանը կոնֆլիկտի կողմ չէ, ապա ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չէր անցկացնել գագաթնաժողովը: Այսինքն՝ երբ ձեռք է տալիս ասել, խոսքը ԵԱՏՄ գործընկերների մասին է, որ Հայաստանը կոնֆլիկտի կողմ չէ, երբ ձեռք է տալիս՝ ասել, որ Հայաստանը կոնֆլիկտի կողմ է, որպեսզի Երեւանում չանցկացվի գագաթնաժողովը: Սա ուղղակի ընդգծում է, որ մեր ՀԱՊԿ գործընկերները որեւիցե կերպ մտադրված չեն ոչ միայն ռազմական, այլ առհասարակ որեւիցե անգամ քաղաքական սատարում հայտնել մեզ»,- նկատեց Դանիել Իոաննիսյանը:

Նա նշեց, որ ընդգծված է, որ այս պարագայում ՀԱՊԿ-ն ավելի շատ սատարում է Ադրբեջանին, քան Հայաստանին, եւ հարց է առաջանում՝ թե ինչու ենք մենք ընդհանրապես անդամակցում ՀԱՊԿ-ին: Նա նկատեց, որ ԵՏՄ անդամակցության փաստարկներն էլ են առոչինչ դառնում, եթե ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական եւ ռազմական օգուտ չկա. «Եւս մեկ անգամ պետք է քննարկման առարկա դառնա թե՛ Եվրասիական տնտեսական միության, թե՛ Հավաքական անվտանգության պայմանագրին Հայաստանի անդամակցությունը: Որովհետեւ այդ անդամակցությունը բավականին սահմանափակում է Հայաստանի անկախությունը, ազատությունը տարբեր հարցերում, բայց փաստացի որեւէ կերպ չի աջակցում Հայաստանին, երբ սկսվում է պատերազմը: Անգամ Ռուսաստանի վարչապետը, որպեսզի Բաքուն չնեղանա, գալիս է մի օրով Երեւան, մի օր ով էլ Բաքու, երբ երկօրյա այց էր նախատեսված: Սա ուղղակի վիրավորական է»:

Դանիել Իոաննիսյանը համարում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետք է հրաժարվի Մոսկվա գնալուց. «Մենք արդեն տեսանք այն հայտարարությունը, որ Հայաստանի վարչապետը համարում է, որ այդ տեղափոխումը աննպատակահարմար էր եւ իմաստ չուներ: Ընդ որում, հայտարարվել էր, որ մասնակցությունը կքննարկվի: Ես կարծում եմ, եւ ես հուսով եմ, որ Հայաստանի վարչապետը չի մասնակցի ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովին, որովհետեւ սա ուղղակի ինքնասիրության անգամ հարց է: Եթե Ղազախստանի վարչապետը ասում է՝ ես Երեւան չեմ գալու, գնանք Մոսկվա, դրանից հետո նվաստացուցիչ է թողնել եւ գնալ Մոսկվա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930