Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի տեղաբնիկների համախմբվածությունն ընդդեմ Բաքվի բռնապետի

Ապրիլ 07,2016 17:37

Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդները տարբեր կերպ են արձագանքում այդ երկրի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ նախահարձակ ռազմական գործողությունների փաստին:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տեղաբնիկների դիրքորոշումը բնորոշում է որպես «լռություն», որը խախտեց «Շիրվանի ազատագրության ճակատ» թաթական կազմակերպությունը. «Դա կառույցի մակարդակով թերեւս միակ հայտարարությունն էր, որով Բաքվի բռնապետի բանակում ծառայող ազգությամբ կովկասցի պարսիկներին կամ թաթերին կոչ է արվում չենթարկվել հրամանատարներին եւ վերադառնալ սեփական գյուղեր` լքելով ադրբեջանական բանակը: Անձնական մակարդակով հայտարարություններ եղան նաեւ այլ տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչների կողմից: Թալիշական սփյուռքի հասարակական գործիչները եւս հանդես եկան առանձին հայտարարություններով, բայց Ադրբեջանի ներսում կազմակերպված կերպով եւ խմբային մակարդակով, բացի նշյալ կառույցի կողմից, այլ փաստացի հայտարարություններ չեղան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Ոսկանյանը:

Նա տեղեկացրեց, որ դիրքորոշում հայտնել են նաեւ լեզգի ակտիվիստներ եւ հասարակական-քաղաքական գործիչներ, բայց, փորձագետի գնահատմամբ, համախմբված մոտեցում չեղավ. «Սա կրկին փաստում է, որ Հայաստանը որոշակիորեն պետք է վերանայի իր ուղեգիծը` ոչ թե պետական, այլ հասարակական, գիտական կազմակերպությունների մակարդակով: Նկատի ունեմ այն ուղեգիծը, որը միտված է հարաբերություններ հաստատել թալիշական, թաթական, լեզգիական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Այդպիսի հարաբերությունները կարեւոր են եւ պետք է դրանք զարգացնել: Մենք կարիք ունենք կապեր ունենալու նաեւ հենց Ադրբեջանի ներսում բնակվող տեղաբնիկների ներկայացուցիչների հետ` փորձելով համախմբել նրանց` տեղում գտնվող կառույցների եւ կազմակերպությունների շրջանակում»,-նշեց իրանագետը:

Մեր զրուցակիցը փաստեց, որ Ադրբեջանի բռնապետական վարչակարգի պայմաններում նման կառույցների գործունեությունը գրեթե անհնարին է, բայց դրանք կարելի է ձեւավորել` մշակութային միությունների կամ տեղաբնիկների պատմության ուսումնասիրությամբ զբաղվող ընկերությունների միջոցով: Այդպես, ըստ փորձագետի, պարարտ հող կստեղծվի` այդ կառույցները հետագայում քաղաքականի վերածելու համար:

Վարդան Ոսկանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ մոտեցում ունի Հայաստանի կողմից Ադրբեջանի տեղաբնիկներին զինելու տեսակետի շուրջ: «Ամեն ինչ իր հերթականությունն ունի: Մենք առայժմ խնդիր ունենք Ադրբեջանի ներսում ձեւավորելու տեղաբնիկների շրջանում որոշակի ոչ հայատյաց հատված, իսկ լավագույն դեպքում` հայամետ հատված: Իսկ նման հատված ձեւավորելուց առաջ տեղաբնիկների շրջանում պետք է ունենանք որոշակի գործիքներ, որոնք սկզբնապես պետք է միտված լինեն բացառապես այդ ժողովուրդների համախմբմանը: Քանի դեռ չունենք համախմբված տեղաբնիկ ժողովուրդներ, որոնք կարող են հանդես գալ ոչ թե որպես արտաքին խաղացողների համար կարճաժամկետ փոքր ծրագրեր իրականացնողներ, ունենան սեփական նախաձեռնությունը, ծրագիրը եւ ապագայի տեսլականը: Միայն համախմբված տեղաբնիկներ ունենալու պարագայում մենք կարող ենք նպաստել, որպեսզի նրանք հանդես գան քաղաքական շրջանակում, իսկ հետագայում այդ կառույցներն, ինչու չէ, կարող են ունենալ զինված թեւեր, բայց դա արդեն մեր գիտնականների խնդիրը չէ: Դրա համար այլ կառույցներ կան: Այսինքն, ամեն ինչ հերթականությամբ պետք է անել»:

Պարոն Ոսկանյանից նաեւ հարցրինք, թե իր դիտարկմամբ` Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդները որքանով են ունակ հանգեցնելու Ադրբեջանի փլուզմանը: «Իրատեսորեն պետք է նայենք հարցին: Տեղաբնիկների գործոնից բացի, Ադրբեջանում առկա է նաեւ իսլամական գործոնը, որը եւս չի կարելի անտեսել: Չափից դուրս մեծ ակնկալիքներ ունենալ այս գործոններից պետք չէ»,-նկատեց նա:

Իրանագետի փոխանցմամբ` Ադրբեջանում բնակվող թալիշների թիվը 1-1,5 միլիոն է, թաթերինը` մոտ 1 միլիոն, իսկ լեզգիների թիվը` մոտ կես միլիոն:

Նկատենք, որ պաշտոնական Բաքուն 5-10 անգամ նվազեցնում է տեղաբնիկների թվաքանակը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930