Ապրիլի 6-ից սկսած շարունակվում են Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ կազմակերպությունների ու մարդկանց հեռախոսազանգերն ու այցելությունները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Առաջին պատրաստակամներից էին ՀՀ ԱԻՆ աշխատակիցները: Իրականացվել է դրամահավաք, ինչպես նաև՝ հավաքվել են պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ: Մեծ ակտիվություն է ցուցաբերել Երևան քաղաքի փրկարարական վարչության անձնակազմը: Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների աշակերտների կողմից հավաքվել են սննդամթերք և խաղալիքներ՝ ԼՂՀ Մարտակերտի և Մարտունու շրջանների երեխաների համար: Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 հիմնական և Երևանի Արգենտինյան հանրապետության թիվ 76 հիմնական դպրոցների միջոցներով հավաքվել է համապատասխանաբար` 15 և 19 արկղ հագուստ, հրուշակեղեն, ծխախոտ, ներքնազգեստ, թեյ, սուրճ, խտացրած կաթ և պահածոներ:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների նախաձեռնությամբ ԼՂՀ կուղարկվի թեյ, սուրճ, հրուշակեղեն, ծխախոտ:
Կարդացեք նաև
«Աջակցենք սահմանամերձ համայնքներին» քաղաքացիական նախաձեռնության կողմից Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով հավաքվել և ԱԻՆ է բերվել`
• զինվորական հագուստ – 41 արկղ
• հրուշակեղեն – 75 արկղ
• պահածո, խտացրած կաթ – 35 արկղ
• հիգիենայի պարագաներ – 14 արկղ
• մակարոն – 18 արկղ
• ջրեղեն – 48 արկղ
• դեղորայք – 6 արկղ
• ծխախոտ – 8արկղ
• սուրճ – 5 արկղ
• քաղաքացիական հագուստ – 34 արկղ
Այսօր և վաղը ՀՀ տարբեր մարզերից և կազմակերպություններից ՀՀ ԱԻՆ վարչական շենք կհասցվեն տարաբնույթ սննդամթերք, հագուստ, դեղորայք և այլ ապրանքներ:
Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաև տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի:
Ավտոշարասյունը ՀՀ ԱԻ նախարարությունից Արցախ կուղևորվի ապրիլի 9-ին՝ շաբաթ օրը:
Կազմակերպությունների, անհատների և առաքվող ապրանքի մանրակրկիտ ցանկը կհրապարակվի:
ՀՀ ԱԻՆ