Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ զինվորը թող շարունակի նռնականետով ուղղաթիռ խփել»

Ապրիլ 07,2016 17:18

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը՝  «Այո՛, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով …» , մեր հանրության շրջանում, մեղմ ասած, տարակուսանք է առաջացրել: Բոլորովին վերջերս ՀՀ իշխանությունը վստահեցնում էր Ռուսաստանից 200 միլիոն դոլար վարկ ստանալու մասին, որն ուղղվելու էր ՌԴ-ից զինտեխնիկա գնելուն:

ՀՀ նախագահը անցյալ տարի դեկտեմբերի 18-ին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում, եւ ըստ պաշտոնական հաղորդագրության ասվել է՝«Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հնարավոր ռազմական գործողությունների վարման ձեւերն ու եղանակները, զինված ուժերի ղեկավարման համակարգն ու զարգացման հիմնական ուղղությունները, ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով զինված ուժերի շարունակական համալրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է եղել Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման նախորդ՝ 2011-2015 թթ. պետական ծրագրի իրագործմանը. արձանագրվել է, որ այն կատարվել է ամբողջությամբ»:
«Այո, զենքը հին է, Հայաստանի համար 1980-ականների զենքը երբեմն նոր է համարվում, հիմնականում 70-ականների զենք է, եթե մենք խոսում ենք 72 տանկերի կամ հետեւակի մարտական մեքենաների մասին, այո, հին են՝ 70 ականների են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը:

Հ/Կ-ն ուսումնասիրել էր 200 միլիոն դոլար վարկով զինտեխնիկա գնելու պայմանագիրը: Իոաննիսյանն ասաց՝ «Այս պայմանագրով էլ առյուծի բաժինը 80-ականների զենքեր պիտի ձեռք բերեինք, բայց չհասցրեցինք, ժամկետի հարց է»:

Իոաննիսյանի խոսքերով՝ «Նախ, ողջունելի է, որ Սերժ Սարգսյանը տեղյակ է, որ հին զենք է գնում: Բայց պետք է ասենք, որ այստեղ կար բարձր պրոֆեսիոնալիզմ, մարտական ոգի: Մենք 2 դեպք ունեցանք, երբ սովորական նռնականետից երկու ուղղաթիռ խոցվեց, ընդ որում այս դեպքերից հետո Ադրբեջանը հասկացավ, որ այլեւս ուղղաթիռ չպիտի կիրառի, ու հետո վախեցավ՝ չուղարկեց: Սա նման էր քարով կամ ասենք՝ ձեռքի նռնակով ուղղաթիռ խոցելուն: Անհավանական բան է: Մեր տղաներին հաջողվեց դա անել բարձր պրոֆեսիոնալիզմի եւ մարտական ոգու շնորհիվ: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ 30-40 տարվա զենքերով ստիպված ենք կռվել Ադրբեջանի ժամանակակից ռազմական տեխնիկայի դեմ»:

Դանիել Իոաննիսյանն անդրադառնալով պաշտոնական այն հավաստիացումներին, թե մենք ժամանակակից զինտեխնիկա ունենք, ասաց՝ «Չգիտեմ՝ ի՞նչ են նկատի ունեցել, ասելով ժամանակակից, որովհետեւ եթե մենք խոսում ենք տանկերի մասին, դրանք 60- ականներին են նախագծել, 73 թվին կիրառել»:

Այլ զինատեսակներ էլ, ըստ Իոնիսյանի, 70-80- ականների են, իսկ ահա Ադրբեջանն, այո, ժամանակակից զինտեխնիկա ունի:

Ըստ նրա՝ ժամանակակից զինտեխնիկան շատ թանկ է. «Այսինքն, ժամանակակից զինտեխնիկան մեր գրպանի բանը չէ, մենք պիտի միլիոններ ծախսենք, որ պաշտոնյաների համար ծառայողական մեքենաներ գնենք, միլիոններ ծախսենք պաշտոնյաների ուղեւորությունների համար, հայ դիվանագետների չարտերային թռիչքների համար, որ գնան պարտություն կրեն, միլիոններ ծախսենք, որ ֆիննախի աշխատակիցների համար հանգստավայր (ֆիննախի Դիլիջանի դպրոցը)կառուցեն: Այս ամենն ավելի գերակա է իշխանության համար, քան ժամանակակից ռազմական տեխնիկա գնելը, իսկ զինվորը թող շարունակի նռնականետով ուղղաթիռ խփել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930