«Այն զինվորները, որոնք ապրիլի 2-ի գիշերը ոչ այնքան ծանր վնասվածքներ են ստացել եւ արդեն փոքր-ինչ կազդուրվել են, ուզում են նորից հետ գնալ սահման, ասելով, որ չեն ուզում իրենց ընկերներին մենակ թողնել: Բայց մենք ոչ մի զինվորի վիրապակով սահման չենք ուղարկի, մինչեւ նրանք լիարժեք չկազդուրվեն: Որպեսզի թշնամին չմտածի, թե մենք զինվոր չունենք եւ վիրակապով զինվորին ենք մարտի դաշտ բերել»,- այսօր Մուրացանի հոսպիտալում ասաց ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը՝ ներկայացնելով վիրավորների վիճակը:
Ըստ նրա՝ բոլոր վիրավորներն այդ օրերին շատ կարճ ժամանակահատվածում ռազմադաշտից տեղափոխվել են հոսպիտալներ եւ այդ է պատճառը, որ հոսպիտալային օղակում մահվան ընդամենը 1 դեպք է արձանագրվել, որը բազմաբեկորային լուրջ վնասվածքներով է եղել. «Յուրաքանչյուր վիրավոր, որը հասել է վիրահատական սեղանին, փրկվել է: Աննախադեպ ցուցանիշ է սա»: Գնդապետ Խաչատրյանը ներկայացնելով, թե ինչ հերոսությամբ են ռազմական բժիշկները վիրավորներին դուրս բերել մարտի դաշտից, ասաց, որ հոգեբանական նույն վերելքը փոխանցվել էր բուժծառայությանը:
Երեկ էլ, երբ բուժծառայությունը փորձել է մարտի դաշտից դուրս բերել մահացածների դիակները, հակառակորդը կրակ էր բացել սանիտարական մեքենաներից մեկի վրա, որի վրա առկա էր եղել կարմիր խաչ, իսկ միջազգային օրենքներով արգելված է, որ նման պարագայում թիրախավորեն: Բարեբախտաբար, այդ դեպքով զոհեր եւ վիրավորներ չկան:
Կարդացեք նաև
Գնդապետ Խաչատրյանը «ոսկե ժամ» անվանեց այն մեկ ժամը, որի ընթացքում մեծ օպերատիվությամբ ռազմական բժիշկները բոլոր վիրավորներին տեղափոխել են հոսպիտալներ:
Նշվեց նաեւ, որ զինվորներին, որոնք ստացել են ծանր վնասվածքներ եւ պետք է վերջույթների անդամահատում կատարվեր, ոմանց՝ ում հնարավոր է եղել, պլաստիկ վիրահատություն են կատարել՝ հետագայում հնարավորինս քիչ հաշմանդամություն ունեցող զինվոր ունենալու համար: Այսինքն, անոթների վերականգնմամբ վերջույթների ամպուտացիան կանխվել է: Գնդապետը նաեւ ասաց, որ այս օրերին համագործակցել են առողջապահության նախարարության հետ, որը վիրավորներին տարհանելու հարցում օժանդակել է վերակենդանացման մեքենաներով եւ բժիշկների մասնագիտացված թիմով: Այդուհանդերձ, Կամավոր Խաչատրյանը նշեց, որ մեր հնարավորությունների շատ քիչ մասն է այդ օրերին օգտագործվել:
Այս պահին պատերազմի հետեւանքով 121 վիրավոր զինվոր կա, որից 5-ը ծանր վիճակում են: Ծայրագույն ծանր զինվորներից մեկի վիճակը բարելավվել է. այս պահին ապարատը անջատվել է եւ նա ինքնուրույն է շնչում: Վիրավորներից 32-ը գտնվում են Երեւանի հոսպիտալում:
Հարցին՝ անհայտ կորածների որոնողական աշխատանքներ տարվո՞ւմ են, պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ստորաբաժանումներից շատերը իրենց տեղերում չեն եւ շատ հնարավոր է, որ դեռ գտնվողներ լինեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ