Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Գրիգորյան. Եվրոպահայերը վերջին տարիներին առաջին անգամ տարակուսանքով են նայում Ռուսաստանի բարձրագույն դիվանագիտության արձագանքներին

Ապրիլ 07,2016 16:38

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանն այսօր անցկացրեց մամլո ասուլիս Բրատիսլավայի «Դեվին» հյուրանոցի «Կոնզուլ» սրահում։ Հրավիրված էին Սլովակիայի ԶԼՄ-ները և տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչներ։ Թեման էր՝ «Նոր պատերազմ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև ռուս-թուրքական հարաբերությունների կոնտեքստում։Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը։»

Մամլո ասուլիսը սկսվեց Լեռնային Ղարաբաղի շուրջ պատմական ակնարկով, որտեղ արծարծվեցին Ադրբեջանի կազմում Ղարաբաղը հայտնվելու մանրամասները։ Այնուհետև պարոն Գրիգորյանը ներկայացրեց ապրիլի 2-ի առավոտյան Ադրբեջանի կողմից կազմակերպված հարձակման մանրամասները և այնուհետև ձեռք բերված զինադադարի պայմանները։ Ներկաները ստացել էին անգլերեն լեզվով ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպան պարոն Արման Կիրակոսյանի ելույթի տեքստը, որի հիման վրա տրվեց հիմնական տեղեկատվություն։ Այնուհետև դոկտոր Գրիգորյանը ներկայացրեց ԵՀՄՖ Նախագահության հայտարարությունը Արցախի անկախությունը Հայաստանի կողմից հաստատելու հրատապ անհրաժեշտության մասին։

Ըստ պարոն Գրիգորյանի, այլևս անիմաստ է խոսել մադրիդյան սկզբունքներում արծարծված պայմանների կատարման շուրջ, քանզի ամենահիմնական պայմանն առ այն, որ Մինսկի խումբը բացառում է ուժի կիրառում կամ պատերազմի հրահրում որևէ մեկի կողմից, չպահպանվեց։ Հաշվի առնելով, որ անվտանգության գոտին Արցախի ինքնապաշտպանության համար ունի բացառիկ ռազմավարական նշանակություն և Արցախի գոյությունը և անվտանգությունն անհնարին է պատկերացնել առանց այդ գոտու գոյության, դոկտոր Գրիգորյանը հայտարարեց, որ թշնամուն մեկ թիզ այդ գոտուց զիջելն այլևս բացառվում է։ Այսինքն, այսօր խոսել մադրիդյան սկզբունքների 100 տոկոսանոց կատարման մասին, այլևս անիմաստ է։ Զինադադարի ռեժիմի խախտման արդյունքում Հայաստանը կարող է իրավունք վերապահել հայտարարելու Արցախի անկախության հաստատման մասին։ Ըստ Գրիգորյանի, Հայաստանին բարեկամ բոլոր երկրները պետք է պատրաստ լինեն անմիջապես ընդունելու համապատասխան բանաձևեր և հաստատեն Արցախի անկախության փաստը։

Օգտվելով առիթից, որ մամլո ասուլիսին մասնակցում էր նաև Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչը, պարոն Գրիգորյանը հայտարարեց, որ եվրոպահայերը վերջին տարիներին առաջին անգամ տարակուսանքով են նայում Ռուսաստանի բարձրագույն դիվանագիտության արձագանքներին և չեն կարողանում ընկալել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հավասարակշռություն պահելու՝ Ռուսաստանի ցանկությունը։ Չէ՞ որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական ընկերն է և պարտավոր է տալ համարժեք արձագանք, մանավանդ, որ Ադրբեջանի գործողությունների ետևում կանգնած է այսօրվա Ռուսաստանի ամենաակտիվ հակառակորդներից Թուրքիան։ Ըստ դոկտոր Գրիգորյանի, չկա կասկած, որ կատարվածը հրահրվել է Թուրքիայի կողմից, ընդ որում՝ ոտնձգությունները նախատեսված են ի հեճուկս Ռուսաստանի Հարավային Կովկասում ոչ կայուն վիճակ առաջացնելու համար։ Արդյունքում, կարծես տուժում է Հայաստանը՝ տալով մարդկային զոհեր, Ռուսաստանից չստանալով նվազագույն օգնություն։ Ավելին, ըստ Մոսկվայի գնահատականների, անհասկանալի էր տարբերել, թե կողմերից որն է սկսել ագրեսիան և պատերազմը։ Պարոն Գրիգորյանի կարծիքով, Արցախի անկախությունը Հայաստանի կողմից ընդունելուն անմիջապես պետք է հաջորդի Ռուսաստանի կողմից համարժեք քայլ։

Հարցով հանդես եկավ Սլովակիայում Կիպրոսի դեսպան Նեարխոս Պալասը, ով հայտարարեց, որ Կիպրոսի իշխանություններն ամբողջովին դատապարտում են Ադրբեջանի աննախադեպ ագրեսիան և սատարում Հայաստանին։ Կիպրոսը լավ է հասկանում նաև Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի շուրջ և պահանջում է Թուրքիայից՝ հեռու մնալու այս խնդրին մասնակցություն ունենալուց, քանզի Կիպրոսը չի հավատում Թուրքիայի անշահախնդիր քայլերի հնարավորությանը և կարծում է, որ վերջինս կարող է միայն խանգարել հարցի լուծմանը։

Վերջում պարոն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, մեկ անգամ ևս նշելով, որ Արցախյան հարցի լուծումն այսօր ԵՀՄՖ-ն տեսնում է Արցախի Անկախության հռչակման ճանապարհով։ Եվրոպահայությունն այլ լուծման հետ չի կարող համաձայնվել։

 

07․04․2016թ․

Բրատիսլավա, Սլովակիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Ճիշտն ասած չգիտեմ, թե Բրատիսլավայում քանի հայ է ապրում, բայց ես,որ ապրում եմ Շվեդիայում, այստեղ երբևէ չեմ լսել Եվրոպայի հայերի ֆորումի մասին: Հիշյալ կազմակերպության մասին տեղեկատվությունը միայն նրա նախագահի հայաստանյան կայքերին տված հացազրույցներն են, տրամագծորեն տարբեր տեսակետներով:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930