Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորը` հորը. «Հայրի՛կ, չես պատկերացնի, թե ինչ ենք մենք դրանց գլխին արել…»

Ապրիլ 07,2016 16:14

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ  Սոս Գիմիշյանը վստահ է, որ նման ռազմական սրացումներ ձեռնարկելիս Ադրբեջանի գլխին կանգնած էր ոչ միայն Թուրքիան, այլ ԱՄՆ-ն:

«Նոյյան տապան» մամուլի սրահում նա մանրամասնեց. «Ադրբեջանը դա միայնակ անել չէր կարող: Այդ քայլին դիմելուց առաջ նա ուներ Թուրքիայի աջակցությունը, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, և այդ կառույցի գլխին կանգնած է ԱՄՆ-ն: Միայն Թուրքիայի երաշխիքները նույնպես բավարար չէին կարող լինել, որ Իլհամ Ալիևն այդ քայլին դիմի: Եթե զուտ Ալիևին մնար, ապա նա այդ քայլին չէր գնա»:

Բարձր գնահատելով այն սխրանքը, որ գործեցին հայ զինվորները` պարոն Գիմիշյանը մտահոգություն հայտնեց. «Այս չորս օրվա պատերազմն ինձ մոտ բազում հարցեր է առաջացնում. 22 տարի է այս պաշտպանական գիծը, ձևավորված սահմանը զինում ենք, որ եթե ինչ-որ քայլ ու ոտնձգություն լինի, մենք երկար ժամանակ կարողանանք պաշտպանվել, արյունաքամ անել հակառակորդին և հետո հակահարված հասցնել: Այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ հենց առաջին օրը այդ պաշտպանական գիծը ճեղքվեց: Ադրբեջանն ամբողջ սահմանի երկայնքով պատերազմ չի սկսել, այլ երկու հիմնական ուղղություններ են եղել, երկուսում էլ սահմանը ճեղքվել է: Սա խոսում է մեր պաշտպանական համակարգի, պաշտոնյաների անփույթ, անորակ լինելու մասին: Ես գտնում եմ` այն, որ հենց առաջին օրը պաշտպանության գիծը ճեղքվել է, մեր պաշտոնյաների մեղավորությունն է: Կարծում եմ, որ պաշտպանության նախարարությունում պետք է լուրջ հետևություններ անեն, իշխանություններն էլ իրենց հերթին: Սա անընդունելի է»:

Պարոն Գիմիշյանը մտահոգություն հայտնեց, թե բազմաթիվ թռչող սարքեր սահմանը հատել ու մեր տարածքի ներսում հարվածներ են հասցրել, այդ ժամանակ ո՞ւր էր մեր հակաօդային պաշտպանությունը: Նա փաստեց. «Գյուղի մի հովիվ հրացանով Իսրայելի կողմից մշակված բարձր կարգի թռչող սարք է խփում, իսկ մեր հակաօդային պաշտպանությունը չգիտես որտեղ էր: Ինձ չի հետաքրքրում, որ բազում թուրքեր են զոհվել: Չորս օրում մենք ահռելի կորուստներ ունենք: Զարմացած, ապշած ու հիացած եմ այս ժողովրդով, որը տասնյակ տարիներ օտարվել, կեղեքվել, թալանվել արյուն է թափել: Բայց նաև տեսնում եմ, որ մեր իշխանավորները մեր ժողովրդի եղունգը չարժեն»:

«Հայաստանի կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանը իրեն հասած որոշ տեղեկություններ հայտնեց առաջին գծից. « Միանշանակ է, որ պատերազմական գործողություններին մասնակցել են թուրքական հատուկ ջոկատայիններ: Հույս ունեմ, որ մեր hամապատասխան ծառայությունները կհաստատեն դա փաստերով, և կներկայացվի միջազգային դատարան: Ոչ միայն ադրբեջանական իսլամիստներ են եղել, որոնք Սիրիայից են վերադարձել, այլև ուրիշ երկրների իսլամիստներ էլ են եղել: Իսկապես փառք ու պատիվ մեր տղաներին, որ նրանց ոչնչացրել են: Նրանց համար անսպասելի էր, որ էլիտար կոչվող միավորումներ կարող են ոչնչանալ»:

Պարոն Դովլաթյանը նշեց, որ իրականում ոչ թե ճեղքում է եղել, այլ որոշ տեղեր մերոնք ուղղակի հետ ենք քաշվել, որ ավելորդ զոհեր չլինեն: Հիմա էլ չեն գնում առաջ կրկին նույն պատճառով:

Նա ևս հիացած է զինվորների սխրանքով. «Այնտեղ հրաշք երեխաներ ունենք: Նրանք հրաշքներ են գործում»:  Արմենակ Դովլաթյանը մի դեպք պատմեց. «Երբ այս օրերից հետո զինվորներից մեկը հնարավորություն է ունեցել զանգել տուն, ասել է` հայրի՛կ, չես պատկերացնի, թե ինչ ենք մենք դրանց գլխին արել, երբ ամբողջ ճակատով մեկ մեր դիմաց խրամատները սպիտակ դրոշներ էին: Սա արդեն հերիք է այդ տղաների արած գործը հասկանալու համար»:

Պարոն Դովլաթյանը փաստեց, որ այս ամենից շոկի մեջ են ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլև Ռուսաստանը, Ամերիկան, Թուրքիան, Ֆրանսիան և մյուս երկրները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930