«Բացի այն, որ Ղարաբաղը դուրս է գալիս գործընթացից՝ խաղաղապահներին պահանջող կողմը հստակ է դառնում»,- ապրիլի 7-ին Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված փորձագիտական կլոր սեղանի ընթացքում, անդրադառնալով հրադադարի նոր պայմանագրի կնքմանը, ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նա նկատեց, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը իրենց քաղաքական խնդիրները չլուծեցին. «Ալիեւը հայտարարել էր շռնդալից պատերազմի մասին, նա դրա համար բավականին թանկ գին վճարեց: Հիմա նա պետք է կարողանա բացատրել, թե ինչի չեղավ այդ շռնդալից պատերազմը կամ կարողանա ծախի եղածը որպես շռնդալից հաղթանակ, ես չգիտեմ, թե որ ճանապարհով նա կգնա»:
Աղասի Ենոքյանը նկատեց, որ այնուամենայնիվ, Հայաստանը ունեցավ տարածքային կորուստներ. «Գիտենք բոլորս, որ նախընտրական տարի է: Եվ այն հիմնական ուժը, որը կարող է պայքարել գործող իշխանությունների դեմ, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, միանգամից վերցնելու է այդ 3 կամ 3.5 դիրքը, որը որ մենք զիջել ենք, եւ դարձնի իր հիմնական հաղթաթուղթը: Ասելու է՝ իմ ժամանակ մենք մի քայլ հետ չգնացինք, ի վերջո մեր լոզունգը «Ոչ մի քայլ հետ»-ն է, հիմա գալու է եւ ասի՝ տեսեք, դուք տարածքներ եք զիջել: Ես գտնում եմ, որ եղած իրավիճակը ձեռնտու չէ նաեւ Հայաստանի իշխանություններին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ