«Լոռի-Արցախ» մարզային հանձնախմբի աշխատանքային ծրագրով ապրիլի 6-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզպետ Արթուր Նալբանդյանի հանդիպումը Լոռու մարզի գործարարների ու անհատ տնտեսավարողների հետ:
-Այսօր Հայաստանում չկա որևէ մարդ, որ հոգեկան ծանր ապրումներ ունեցած չլինի կապված արցախյան շփման գծում կատարվող ռազմական բախումների առնչությամբ:: Լոռու մարզը չէր կարող անմասն մնալ Արցախին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար ոտքի կանգնած համայն հայության վճռականությունից,- հրավերին արձագանքելու համար շնորհակալություն հայտնելով ներկաներին ասաց մարզպետը:
Նա գործարարների հակիրճ տեղեկացրեց նորաստեղծ «Լոռի-Արցախ» մարզային հանձնախմբի գործունեության մասին, շեշտելով, որ համայն հայության համախմբման պայմաններում Արցախին օգնության ձեռք մեկնող յուրաքանչյուր մարդ առաջին հերթին օգնում է ինքն իրեն, մեր բանակին և երկրին:
Մարզպետը դրվատանքի խոսք ասաց այն հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների մասին, որոնք իրադարձությունների առաջին իսկ օրվանից ինքնաբուխ, իրենց սրտի թելադրանքով օգնության ձեռք մեկնեցին Արցախին: Նա հույս հայտնեց, որ մարզի բոլոր գործարարները անվարան կարձագանքեն «Լոռի-Արցախ» մարզային հանձնախմբի կոչին և իրենց հնարավորությունների սահմանում կմիանան համազգային մարդասիրական ակցիային:
Կարդացեք նաև
Հրավիրված գործարարները իրենց վճռական պատրաստակամությունը հայտնեցին միանալու համազգային մարդասիրական շարժմանը, իրենց ներդրումն ունենալու ազգաշահ գործին:
Լոռու մարզպետարան