«Առանց Ռուսաստանի դրդման՝ Ադրբեջանը չէր գնա նման սրացման»,- ապրիլի 7-ին Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված փորձագիտական կլոր սեղանի ընթացքում ասաց փորձագետ Մարթա Այվազյանը:
Նա նշեց, որ Ռուսաստանը միշտ բավականին ակնհայտ խոսել է իր ցանկությունների մասին: Ըստ նրա, սցենարը հետեւյալն էր, որ իրավիճակը պետք է այնքան սրվեր, կողմերը պետք է դիմեին եւ իրենց համաձայնությունը տային, որ որեւէ պետություն տեղակայի իր խաղաղապահ ուժերը. «Սակայն այդ ծրագիրը չիրականացավ: Չիրականացավ ոչ միայն այն պարզ պատճառով, որ հայ զինվորներն իրենց դրսեւորեցին այնպես, ինչպես դրսեւորեցին եւ հետ մղեցին թշնամուն, նաեւ որոշակի անհանգստություն էր այն կամավորների մեծ հոսքը, որը միանշանակ իր դերակատարումն ունեցավ:
Բոլորին հայտնի է՝ չի կարելի ծրագրավորել պատերազմը եւ անցկացնել, պատերազմը երբեք չի գնում ըստ սցենարի, այսինքն՝ դուրս է գալիս վերահսկողությունից: Նման զարգացումը որեւէ մեկի համար ցանկալի չէր, այդ թվում նաեւ նրանց համար, ովքեր դրդողներից էին»:
Մարթա Այվազյանն ասաց, որ հայկական կողմը պետք է վերանայի իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, պետք է սովորի պաշտպանել իր շահերը, ոչ թե կամակատար դառնա այլ պետության շահերին. «Կա համաձայնագիր 1994 թվականի, այդ համաձայնագրի կողմ է հանդիսանում նաեւ Լեռնային Ղարաբաղը: Եթե այսօր նոր համաձայնագրի մասին խոսում է նույն Ադրբեջանը, ես կարող եմ ենթադրել, որ նոր համաձայնագիրը ավելի քիչ նպաստավոր կլինի եւ նվազագույնը այնտեղից դուրս կմղվի Լեռնային Ղարաբաղը՝ որպես պայմանագրի կողմ: Նաեւ այն, որ Ռուսաստանը նույնպես նոր համաձայնագրի մասին է խոսում, ինձ վստահություն չի ներշնչում:
Կարդացեք նաև
Ի տարբերություն ռուսական մեդիայի եւ նրանց կրավորական դիրքորոշման, այս օրերի ընթացքում, եթե նկատել եք, միջազգային լրատվամիջոցների կողմից շատ մեծ տեղ տրվեց ԼՂՀ ներկայացուցիչներին: Ավելին՝ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները խոսեցին այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան: Ինչը, իմ կարծիքով, անհրաժեշտ է, եւ մեր ամենամեծ ռազմավարական սխալներից էր այն, որ Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային սեղանից: Այս իրավիճակը մի գուցե նաեւ հնարավորություն է տալիս փոփոխություններ մտցնել եւ նվազագույնը Լեռնային Ղարաբաղին նաեւ բանակցային սեղան վերադարձնելու փորձ կատարել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ