Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան. բանակում պետք է հայտնվեն նոր հրամանատարներ, որոնք հայկական բանակը կտանեն տեխնոլոգիական զարգացման ուղիով

Ապրիլ 07,2016 14:15

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը վստահ է, որ Ադրբեջանին կարող է զսպել միայն իր կողմից նոր տարածքների կորուստը: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պատգամավորը շեշտեց, թե պետք է հասնել մի այնպիսի վիճակի, երբ Ստեփանակերտի, Մարտակերտի վրա հարձակումը կլինի մահ Ադրբեջանի համար:

Դառնալով այսպես կոչված չորսօրյա պատերազմի առանձնահատկություններին` պարոն Խանումյանը նկատեց. «Այս կարճատև պատերազմի հիմնական տարբերությունն այն էր, որ այս անգամ Հայաստանը որևէ տարածքային ձեռքբերում չունեցավ: Սա վտանգավոր նախադեպ է, քանի որ նույնիսկ օգոստոսյան իրադարձությունների ժամանակ մենք որոշ դիրքերի առավելություն ունեցանք, բայց ոչ այս անգամ»:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոստովանությանը, թե մենք հիմնականում կռվում ենք 1980-ականների զենքով, պատգամավորը փաստեց. «Ադրբեջանի այս ճեղքումը չստացվեց միայն մեր զինվորների և սպաների անձնազոհության շնորհիվ. բայց տեխնիկական առումով մենք լուրջ խնդիրներ ունենք: Օրինակ` մենք բազում զոհեր ունեցանք անօդաչու սարքերի պատճառով: Սա ցույց է տալիս, որ տեխնիկապես պաշտպանության բանակը բավականին թույլ է զարգացած:

Սերժ Սարգսյանի ինքնախոստովանությունը, թե տարիներ շարունակ հայկական բանակում արդիականացում տեղի չի ունեցել, ցույց է տալիս, որ այդ հարցում անգործություն ցուցաբերած անձինք պիտի հեռանան բանակից: Այսօր մեր բանակը ղեկավարում են մարդիկ, որոնք նախկին պատերազմի փորձ ունեն: Ոչ Յուրի Խաչատուրովը, ոչ Սեյրան Օհանյանն այսօրվա պայմաններին չեն համապատասխանում: Բանակի այսօրվա արդիականացման խոչընդոտների առումով անգործությունը առնվազն քաղաքական պատասխանատվության առումով այս երկու անձանց հետ է կապված: Այս երկու անձինք պիտի հեռանան, և բանակում հայտնվեն նոր հրամանատարներ, ղեկավարներ, որոնք հայկական բանակը կտանեն տեխնոլոգիական զարգացման ուղիով, մասնավորապես պատվերներ տալ հայկական և այլ տեխնոլոգիական ընկերություններին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930