«Բոլորիս համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից այդ աննախադեպ քայլը, որը բերեց այս իրավիճակին, բնական է, որ դա չի կարող չմտահոգել և չառաջացնել համապատասխան առնվազն քննարկումների և հետևյալ քայլերի»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Լրագրողները հետաքրքրվում էին տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ համանախագահների հետ հանդիպումներից եւ սպառվող արդյունքներից: Հիշեցնենք, ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական սահմանում սկսված լայնածավալ ագրեսիայից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չպլանավորած այցելեցին տարածաշրջան: Նախօրեին նրանք հանդիպել են Իլհամ Ալիեւին, երեկ եւ այսօր նրանք ԼՂՀ-ում են:
Վաղը նախատեսված են հանդիպումներ Հայաստանում: Շավարշ Քոչարյանը հիշեցրեց` 2011 թվականին համանախագահ երկրների նախագահները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, արել են հայտարարություն, որտեղ բառացի ասել են, որ ժամանակին ուժի կիրառումն էր, որ բերեց ներկա իրավիճակի և նոր ուժի կիրառումը կբերի նոր տառապանքներ եւ ավերվածություններ, ինչը կդատապարտվի միջազգային հանրության կողմից:
«Այն, ինչ հիմա տեղի ունեցավ հենց դա է, նոր ուժի կիրառում է, հիմա հայկական կողմերը պետք է աշխատեն և հասնենք նրան, որ լինի համապատասխան արձագանք: Հարցադրումը շատ հստակ հնչելու է`առանց ԼՂ լիարժեք ներգրավմամբ բանակցային գործընթացի մեջ՝ ապագա բանակցային գործընթացը չի լինի արդյունավետ»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ