ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ-ի եւ Գերմանիայի միջեւ ստորագրված գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը, որով ռազմական կամ այլ համագործակցության ընթացքում փոխանակվող գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը, տեղեկատվության փոխանակման կարգն ու պայմաններն են սահմանվում:
Այս պայմանագիրը տարածվում է հույժ գաղտնի եւ գաղտնի տեղեկատվության վրա: Հատուկ կարեւորության տեղեկատվություն չի նախատեսվում փոխանակել:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ այսօր արդի տեխնոլոգիաների զարգացումը թույլ չի տալիս, որ գաղտնի բան մնա, էլեկտրոնային եղանակով հնարավոր չէ մի բան ուղարկել ու գաղտնի մնա:
Արզուման Հարությունյանը համաձայնեց. «Էլեկտրոնային եղանակով գաղտնի որեւէ բան չի ուղարկվում: Մենք ունենք ՌԴ-ի հետ գաղտնագրված էլեկտրոնային կարգ, մենք կարողանում ենք փոխանակել: Իսկ ինչ վերաբերում է գաղտնիքի պահպանության խնդրին, յուրաքանչյուր երկիր իր երկրի օրենքներին համապատասխան պարտավոր է ապահովել գաղտնիությունը»:
Կարդացեք նաև
Արզուման Հարությունյանն ասաց, որ գաղտնի տեղեկատվությունը փոխանցվելու է սուրհանդակային կապի միջոցով: Նման պայմանագրեր մենք ունենք մի շարք երկրների հետ: Միակ հուսալի ճանապարհը, ըստ ԱԱԾ պաշտոնյայի, դիվանագիտական կառույցների միջոցով ինֆորմացիայի փոխանակումն է: Այլ ավելի հուսալի խողովակ, ըստ նրա, չկա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ