Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրեր Արցախից. «Հարձակումներ դիրքերի վրա, հրետակոծություններ, արկակոծություններ»

Ապրիլ 07,2016 13:43

Փորձագետների կարծիքով` մեկ օր առաջ հաստատված հրադադարը հուսալի չէ: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այս առիթով նշեց. «Այն չի կարող լինել երկարատև, քանի որ Ադրբեջանն ունի կրակելու ռացիոնալ պատճառներ: Առաջինը, նավթի գների անկումն է: Մյուս պատճառը ուշադրություն գրավելն է. եթե չլինեն կրակոցներ, կմոռանան կոնֆլիկտի մասին: Ադրբեջանի վերնախավի էմոցիոնալ վիճակը նույնպես դերակատարություն ունի»:

Ըստ քաղաքագետի` դեռ երկար չի հաջողվի հաստատել հրադադար: Իսկանդարյանը նկատեց. «Ադրբեջանին Ստեփանակերտը պետք չէ, նա դրան հասնել չէր էլ կարող: Նա ցանկանում էր ուղղակի հեռուստատեսությամբ ներքին լսարանի համար խաղալ 21-րդ դարի հերոս սցենարը, ու ցույց տալ, որ իրենք էլ կռվել գիտեն»:

Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանն այս ամենի հետևում տեսնում է Ռուսաստանին. «Հենց այն փաստը, որ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, ինձ ցույց է տալիս Մոսկվայի դերակատարությունը: Քանի դեռ հետաքրքրությունները և նպատակները չեն բավարարվել, հրադադար լինել չի կարող: Կան նաև Ադրբեջանի հետաքրքրությունները, բայց ինձ համար ակնհայտ են Ռուսաստանի հետաքրքրությունները ևս: Եթե Ադրբեջանի համար միգուցե այս գործողությունները տվեցին ներքին սպառման տեսանկյունից որոշակի արդյունքներ, ապա ՌԴ-ի նպատակն է ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների տեղակայումը, բայց այդ նպատակին չհասան: Այն պատասխանը , որ տվեց հայկական կողմը, դա թույլ չտվեց: Ուստի քանի դեռ այդ նպատակին չեն հասել, ապա նման միջադեպեր էլի կարող են լինել»:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ` իրավիճակը հասել է այնտեղ, որ Ադրբեջանը չի կարող առաջ գալ, ավելին, կորցրեց այն, ինչին հասել էր ապրիլի 2-ի դրությամբ: Նա պատահականություն չի համարում այն, որ ապրիլի 3-ին միակողմանի հրադադարի մասին հայտարարություն էր անում, քանի որ ցանկանում էր պահել գրավված Թալիշ և մյուս գյուղերը: Իսկ հայկական կողմը նպատակ չունի հակահարձակման անցնել:

Սահմանային սրացման դրդապատճառներին անդրադառնալով` պարոն Սաֆարյանը նշեց. «Կարևոր է`արդյոք բավարարվել են նրանց նպատակները, որոնք կանգնած են այս սրման ետևում: Ամենևին էլ այդ իրավիճակը չէ: Ցանկություն է եղել Ադրբեջանի կողմից ազատվել 1994 համաձայնագրից, որտեղ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղը կողմ է»:

Պարոն Սաֆարյանը վտանգավոր է համարում զինադադարի նոր պայմանագրի կնքման հավանականությունը, որին ձգտում է Ադրբեջանը. «Եթե հրադադարի պայմանագիր, ապա այն արդեն ստորագրված է, այն պետք է պարզապես պահպանել: Իսկ եթե ուժի չկիրառման պայմանագիր է, այլ խնդիր է սա, ապա այդ խնդիրը չպետք է լուծվի Մոսկվայում, դրանով պետք է զբաղվի Մինսկի խումբը»:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը հիշեցրեց, որ Մոսկվայում տեղի ունեցածը կրակի դադարեցման համաձայնություն է, որին, ի դեպ, Արցախը չի մասնակցել, և ԼՂՀ ՊԲ-ն որևէ կերպ պարտավոր չէ այդ համաձայնությունը կատարել:

Հայկ Խանումյանը ԼՂՀ-ում ներկայումս գոյություն ունեցող իրավիճակի մասին տեղեկացրեց. «Մշտական հրետակոծություն է տեղի ունենում, կողմերը վերադիրքավորվում են, դիվերսիոն ներթափանցման փորձեր են արվում: Քաղաքացիական բնակավայրերն այն ինտենսիվությամբ չեն ռմբակոծվում, սակայն կողմերը շարունակում են պայքարը դիրքային առավելության համար: Տեղի են ունենում հարձակումներ դիրքերի վրա, տեղի են ունենում արկակոծություններ, հրետակոծություններ»:

Հայկ Խանումյանը շեշտեց, թե Սեյսուլան բնակավայրի մասին հայտարարությունները, թե իբր Ադրբեջանը գրավել է, ընդամենը Ադրբեջանական կողմից լրահոս ներմուծված բան է: Նա շտկեց. «Սեյսուլանի հետ կապված ոչինչ չի փոխվել: Թեև Թալիշում սկզբից դիրքեր ենք կորցրել, բայց երբեք էլ այդ գյուղը չի եղել ադրբեջանական վերահսկողության տակ: Թալիշի դիրքերը մեծ մասամբ հետ են վերցված և թշնամին հետ է շպրտված»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930