Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս պահին մեր արտաքին սահմանը ռմբակոծվում է, էս ստորագրողներին մենք ի՞նչ պատգամ ենք ուղարկում». Ալ. Արզումանյան

Ապրիլ 07,2016 13:26

Այժմ ԱԺ-ում քննարկվում է Դուշանբեում ստորագրված «Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման եւ կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ եւ այլ գերատեսչությունների` փոխգործակցության կազմակերպման կանոնակարգի հաստատման մասին» արձանագրությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը բացատրեց, որ պատերազմական իրավիճակների, տարբեր ահաբեկչությունների դեպքում, եթե մի երկրում խուճապ լինի եւ միգրանտների հոսք, այս համաձայնագիրը դրա համար է, որ օգնություն ցուցաբերվի:

Ալեքսանդր Արզումանյանը հարցրեց. «Տեղեկանք եք ներկայացրել 2012-ի նոյեմբերի 7-ից, որ միացել են Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղըզստանը: 2016 թիվն է, այս ընթացքում որեւէ մեկը 11 երկրներից վավերացրե՞լ է: Սենց տեղեկանք եք բերել՝ 4-ամյա վաղեմության: Հետո ստորագրել է մեկը՝ Ուկրաինան: Էդ Ուկրաինան հիմա համագործակցո՞ւմ է: Սա մի կողմից ոնց որ վիրավորական լինի, անհարգալից վերաբերմունք: Էս պահին, որ մեր արտաքին սահմանը ռմբակոծվում է, էս ստորագրողներին մենք ի՞նչ պատգամ ենք ուղարկում: Սա վավերացնում ենք, որ ի՞նչ անենք: Ղազախստանը, որը ուժի մեջ է մտցրել, հրաժարվում է նույնիսկ Երեւան գալու ու ժողովներ այստեղ անելու: Այս օրերին սա բերելո՞ւ բան է: Ի՞նչ կարիք կա սրա, ի՞նչ պատգամ ենք ուղարկում: Մի քիչ բան լինենք, էլի: Երեկ նախագահն ասաց՝ մտահոգ ենք, որ ՌԴ-ն զենք է վաճառում, եկեք սրանից էլ մտահոգվենք եւ ամեն դեմ տված թուղթ չվավերացնենք»:

Արզուման Հարությունյանն ասաց, որ արձանագրությունը ստորագրված է Բելառուսի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, ՀՀ-ի եւ ՌԴ-ի կողմից:

Ալեքսանդր Արզումանյանը մեղադրեց ԱԺ-ի ղեկավարությունը, որ այդ նրբանկատությունը չի նկատել եւ չի հանել այս հարցը օրակարգից. «Ես կոչ եմ անում հանել սա օրակարգից: Հանենք, հասկանանք, էսօր բարեկամները ի՞նչ մտադրություն ունեն մեր նկատմամբ, տեսնենք՝ համագործակցո՞ւմ ենք, թե՞ ոչ»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ ասաց, որ սա կարեւոր փաստաթուղթ է եւ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930