Ապրիլի 6-ին Գեղարքունիքի մարզի Արեգունի եւ Փոքր Մասրիկ համայնքները փառքով հավերժություն ճանապարհեցին Հայոց բանակի պայմանագրային զինծառայողներ,Արցախի պաշտպանական դիրքերում հերոսի մահով ընկած իրենց զավակներին՝ Հարություն Հովհաննեսի Աբրահամյանին եւ Վրեժ Վարդանի Սարգսյանին: Հուղարկավորությունից առաջ հերոսների աճյունները տեղափոխվեցին Արեգունու եւ Փոքր Մասրիկի միջնակարգ դպրոցներ, որտեղ կազմակերպվեցին նրանց վերջին հրաժեշտի ու խոնարհումի արարողությունները:
Հուղարկավորության նախորդ օրը հերոսների ընտանիքներին էր այցելել եւ ցավակցել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Ինչպես ներկաներին ծանուցեց ՀՀ ՊՆ Վարդենիսի տարածքային զինվորական կոմիսար, փոխգնդապետ Գարիկ Առաքելյանը, գործած սխրանքի եւ անձնուրացության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հարություն Աբրահամյանին և Վրեժ Սարգսյանին հետմահու պարգեւատրել է ՙՄարտական ծառայության համար՚ մեդալներով: Հոգեհանգստյան ու հրաժեշտի կարգ կատարեցին Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվներ Տեր-Գեւորգ քահանա Բարսեղյանը, Տեր-Տարոն քահանա Հունանյանը եւ Տեր-Տիրատուր քահանա Հակոբյանը: Հերոսների աճյունները հողին հանձնվեցին զինվորական կարգով, պատվո համազարկերի ներքո: Հիշատակի խոսքերով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Կարեն Հակոբյանը և Արտաշես Նիկոյանը: Ապրիլի 7-ին Զոլաքար համայնքում տեղի կունենա Արցախի պաշտպանական դիրքերում հերոսի մահով ընկած ենթասպա` Գագիկ Սուրենի Մելքոնյանի վերջին հրաժեշտը:
Գեղարքունիքի մարզպետարան