«Կան մասնակի երեւույթներ, այսօր գիշեր եղել է Թալիշի շրջանում: Վարդենիսի շրջանում եղել է անհանգստություն: Մենք որեւէ մեկ անգամ չենք վստահել թշնամուն, որովհետեւ անկանխատեսելի են, եւ ինչպիսի զինադադար լինի, մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակահարձակման»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմաններում առկա իրավիճակին, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայում հանդիպում է ունեցել կանցլեր Անգելա Մերկելի հետ: Իր ելույթում ՀՀ նախագահը հայտարարել է, որ Հայաստանը կռվում է 1980-ականների զենքերով:
Լրագրողները Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին`ինչո՞ւ իշխանություններն այս մասին նախկինում չէին մտածում, մանավանդ, որ 1994-ի հրադադարի պայմանագրից մի քանի տարի անց Ադրբեջանը եւ Հայաստանի, եւ ԼՂՀ-ի սահմանների նկատմամբ միշտ էլ ոտնձգություններ է արել, իսկ վերջին երկու տարիներին`հատկապես, կիրառելով նաեւ տարատեսակ ժամանակակից զինտեխնիկա:
Վահրամ Բաղդասարյանը վարանեց հարցին պատասխանել, հետո ասաց, որ այդ մասին չի ուզում խոսել: Միայն նկատեց. «Եթե մենք 80-ականների զենքով կարողանում ենք հակառակորդին հակահարված տալ, ուրեմն մեր ոգին ավելի բարձր է, քան նրանց զինանոցը»:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը նկատեց` ոստիկանությունը զենքի խնդիր չունի, պետական բյուջեից այդ նպատակներով զգալի գումարներ են հատկացվում. Ինչո՞ւ այդ գումարները չեն տրամադրվում արտաքին թշնամու դեմ պայքարելուն, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Դուք երբեւէ լսե՞լ եք, որ մենք զենքի պատճառով որեւէ տարածք զիջենք, կամ խնդիր ունենանք: Այսօրվա վկայությունն այն է, որ մենք կարողանում ենք մեր խնդիրները լուծել: Եթե անհրաժեշտություն լինի՝ մենք կհամալրենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ