«Այսօր Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի սուրբ ավետման օրը՝ մայրության օրը: Բոլորիս անունից ուզում եմ խոնարհվել եւ շնորհակալական խոսք ասել հայ մոր առջեւ»,- այսօր ԱԺ նիստում այսպիսի շնորհավորական խոսք ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ «Որդիներով պետք է ճանաչել մայրերին: Մեր մայրերը, իրոք, առյուծածին մայրեր են: Ազգի ճակատագիրը պետք է փնտրել մայրերի մեջ: Այս օրերին մենք ցույց տվեցինք, որ ունենք հայրենապաշտ մայրեր, ովքեր կարողանում են դաստիարակել առյուծ որդիներ: Ուզում եմ խոնարհվել եւ շնորհակալություն հայտնել մեր մայրերին, ովքեր տվել են մեզ հերոս որդիներ: Մեզ՝ պատգամավորներիս էլ ուզում եմ մաղթել առողջ դատողություն, որ կարողանանք միասնաբար ծառայել հայոց մայրերին եւ հայոց հայրենիքին»:
Խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ ասաց. «Այսօր Մայրության եւ գեղեցկության տոնն է: Այլ հանգամանքներում այս օրը երեւի այլ նշանակություն կունենար, բայց այսօր չհայտարարված եւ չավարտված պատերազմի 7-րդ օրն է, եւ բոլոր խոսքերը այլ նշանակություն ու իմաստ ունեն: Այսօրվա բարեմաղթանքը մեկն է՝ խաղաղություն: Սիրո բոլոր խոսքերը նույն հասցեատերն ունեն: Ուզում եմ մեծարումի ու սիրո խոսք բարձրացնել զոհված մեր հերոս զինվորների մայրերին, կանանց, սիրած աղջիկներին, քույրերին: Սիրելինե՛ր, մենք խոնարհվում ենք յուրաքանչյուրիդ առաջ ու աղոթում բոլոր զինվորների համար: Աղոթում ենք, որ մայրությունը լինի երջանիկ մայրություն, որդիները տուն վերադառնան»:
Կարդացեք նաև
Նա կոչ արեց միաբանվել՝ հանուն խաղաղության եւ բարօրության, ապահովել մեր երեխաների անհոգ մանկությունը, ծերերի անհոգ ծերությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ