ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ապրիլի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի անդամների հետ:
Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ ՀՀ չորրորդ պարբերական զեկույցին:
Նշենք, որ Խորհրդատվական կոմիտեի անդամներն այցելել են Հայաստան՝ ՀՀ ազգային զեկույցում ներկայացված տեղեկատվության հստակեցման եւ Հայաստանի վերաբերյալ վերջնական զեկույց պատրաստելու նպատակով:
ԱԺ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, խոսելով ազգային փոքրամասնությունների խնդիրներից, խոսել է եզդի զինվոր Քյարամ Սլոյանի մասին, ում օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում գլխատել էին ադրբեջանցի զինվորները:
Կարդացեք նաև
Նշվել է նաեւ, որ անհայտ կորած հայ զինծառայողների թվում կա ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Հյուրերը նշել են, որ իրենք պարզապես փորձագետներ են եւ թեեւ բարձրացված խնդիրն իրենց մանդատի շրջանակում չէ, այնուհանդերձ, որպես տարբեր երկրների ներկայացուցիչներ, իրենց անհանգստությունն են հայտնել իրադարձությունների վերաբերյալ: Նրանք հույս են հայտնել, որ շփման գծում կհաստատվի երկարատեւ խաղաղություն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրներին վերաբերող հարցեր: Պատասխանելով հյուրերի այն հարցին, թե Հայաստանում արդյոք առկա է խտրականություն նրանց հանդեպ, Էլինար Վարդանյանը հաստատել է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունները որեւէ խտրականության չեն ենթարկվում: Ավելին, առաջիկայում ՀՀ ընտրական օրենսգրքում նրանց համար նախատեսված է սահմանել քվոտա, որով եւ Ազգային ժողովում ներկայացված կլինեն նաեւ ազգային փոքրամասնությունները: Արձանագրվել է, որ ազգային փոքրամասնություններն ունեն այն նույն խնդիրները, որոնք ունի ՀՀ ցանկացած քաղաքացի եւ դա պայմանավորված չէ փոքրամասնություն լինելու հանգամանքով: