«Առավոտ»-ի «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են Արցախյան ազատամարտի մասնակից Օֆելյա Գրիգորյանը եւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ. – Տիկին Օֆելյա, ի՞նչ զգացողություններ ունեցաք ապրիլի 2-ի առավոտյան, երբ արդեն հայտնի էր հակառակորդի ոտնձգությունների մասին: Ձեր մեջ մա՞յրը, զինվո՞րը, թե կի՞նը խոսեց առաջինը:
Օֆելյա ԳՐԻԳՈՐՅԱՆ. – Երեքը միասին: Ես ու ամուսինս նույն օղակով ենք փաթեթված: (Օֆելյա Գրիգորյանի ամուսինը՝ «Շուշիի» առանձնակի գումարտակի անդամ Նորայր Շահբազյանը, կրկին ռազմի դաշտում է): Մեր ընկերներից մեկի հիշատակն էինք խնկարկում, եւ սկսվեցին խմորումները, խոսակցությունները, մի քանի ժամ հետո «Շուշիի» առանձնակի գումարտակի համար արվեց հայտարարություն, որ պիտի մեկնենք կամավոր: Մի հարց ուղղեցի ամուսնուս` ի՞նչ ենք անում, ընտանիքից ո՞վ է գնում: Ասաց` «լռիր կին, նստիր»: Առարկեցի, քանի որ առողջական խնդիր ուներ, ասացի՝ ես կգնամ, մի քանի ամիս հետո դու կգաս, կփոխարինես: Ասաց` երբ դրա կարիքը զգացվի, ես լուր կտամ քեզ: Կապը կա: Ցանկությունս մեծ է, հաջորդիվ գնացող մեքենաների հետ մեկնել:
Նաեւ մայրը խոսեց, որովհետեւ բալիկներս դեռ փոքր են: Բայց, Աստվա մի արասցե, եթե գա պահը` լինելու եմ այնտեղ:
Կարդացեք նաև
Ն. Գ. – Պարոն Գրիգորյան, ԼՂՀ հակամարտության շուրջ ծավալվող վերջին երկու տարիների իրադարձությունները հուշում էին հակամարտության նման զարգացման մասին: Բայց ինչո՞վ էր պայմանավորված ժամանակի ընտրությունն Ադրբեջանի կողմից:
Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆ.- Մինչ հարցի պատասխանն ուզում եմ համաձայնվել Օֆելյայի` մեր հերոսի հետ: Այո: Շատ հետաքրքիր ազգ ունենք: Ինքնակազմակերպման տաղանդ ունի: Մարդիկ ոչ ոքի չէին սպասում: Հասկացան, որ վտանգավոր է: Նույնիսկ ապրիլի 1-ին ես լսեցի, որ առանձին պաշտոնյաներ ասում էին` անորոշ է, դեռ չենք վերլուծել իրավիճակը… բայց մարդիկ հասկացան, որ սա հրադադարի սովորական խախտում չէ:
Սրանից վտանգ է գալիս: Մարդիկ արյուն էին տալիս, զինկոմիսարիատներում հերթեր էին, դժգոհ երիտասարդներ, որոնց մերժել էին ռազմաճակատ մեկնել: Պրիմիտիվ քարոզչությամբ չես կարող սրան հասնել: Ինքնագիտակցությունը շատ բարձր է: Ընդդիմությունը, իշխանությունը, հասարակական գործիչները միանգամից համախմբվեցին: Դա շատ կարեւոր է: Շնորհակալություն նաեւ եզդի ժողովրդին, որ մեր կողքին են եւ մեզ հետ: Հայկական բանակի եզդի զոհ էլ ունենք: Եվ Ղարաբաղի, եւ Հայաստանի ժողովուրդը ցույց տվեց, որ շատ արագ կարող են համախմբվել: Բանակներն էլ շատ համաչափ արձագանքեցին:
Մեկ խնդիր կա` ինչպե՞ս եղավ, որ մենք բաց թողեցինք սահմանին այդքան մեծ զինտեխնիկայի կուտակումը, վերլուծության կարիք կա նաեւ դիվանագիտական հատվածի աշխատանքի առումով, բայց դրանք հետո քննարկելու հարցեր են:
Ինչո՞ւ հիմա` Վաշինգտոնում մի քանի գործոններ գումարվեցին: Այնտեղ Ալիեւին ոչ ոք չէր բարեւում: Էրդողանը, Պակիստանի նախագահն նրա հետ պաչպչվեցին, բայց Դեւիդ Քեմերոնը ձեռքն էլ չտվեց: Էլ չեմ խոսում մյուսների մասին: Իր երկրում մարդու իրավունքների հետ կապված լուրջ հարցեր կան, նավթի գինն էլ ընկնում է, եւ երբ Վաշինգտոնում Ալիեւը հասկացավ՝ այնպես չէ, որ փող ունի, բոլորին կաշառում է. պարզվեց, որ այդպես չէ: Վաշինգտոնում ինքը հոգեվարքի մեջ ընկավ եւ սկսեց հաշվարկ անել: Այո, իզուր էին այդ հաշվարկները, Ալիեւը հակահարված ստացավ:
Օ. Գ.- Մենք հաղթող ենք: Բացի այն, որ Ադրբեջանում պարտվողի հոգեբանություն կա, նաեւ գումարվում են տնտեսական, սոցիալական, մարդու իրավունքների, քաղաքական խնդիրները: Ամեն ինչ շատ բարդ է դառնում: Այդ ամենի լուծումները Ալիեւը գտնում էր կայծակնային ինչ-որ գործողություններով: Եթե անգամ մի հարյուր մետրը պահպաներ, սրբագրում էր մնացած բոլոր պարտությունները` հաշվետվություն տալով իր ժողովրդին: Բայց ավելի վատ իրավիճակում հայտնվեց, քան պատկերացնում էր: Մեզ մոտ էլ կա ներքին ընդվզում, դժգոհություն եւ այլն, բայց իրենք հաշվի չառան` մեր գործն արդար է: Մեր ազատամարտիկը խաղաղ պայմանում կարող է լքել գնալ, որպեսզի իր երեխային լավ պահի: Բայց վստահեցնում եմ՝ մեկ-երկու օրվա ընթացքում մեր գումարտակի տղաները` Կանադայից, Մոսկվայից եւ այլ տեղերից, զանգահարեցին եւ գալիս են:
Ն. Գ.- Պարոն Գրիգորյան, կրակոցները դադարեցնելու շուրջ այս պայմանավորվածությամբ ԼՂ խնդրի կարգավորումը նոր դիվանագիտական փո՞ւլ է մտնում, թե՞ դեռ պետք է սպասել ռազմական զարգացումների:
Ս. Գ.- Կարծիք կա, որ այս հարձակմամբ Ալիեւը տարբեր զինատեսակների փորձարկում է անում` գրադ, սմերչ, ՏՕՍ-1, անօդաչու թռչող սարքեր եւ այլն: Դա է պատճառը, որ ես մտածում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո ինքը կարող է գնալ ավելի մեծ ավանտյուրաների: Չվախենանք, բայց պատրաստ լինենք:
Զրույցի այլ ուշագրավ հատվածները
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.04.2016