Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իրավիճակը ստեղծվել է Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ փչացնելու նպատակով»

Ապրիլ 07,2016 17:00

Ըստ ՌԴ Պետդումայի պատգամավոր Յարոսլավ Նիլովի՝ Թուրքիան, ղարաբաղյան հիմնախնդիրը օգտագործելով՝ փորձում է հրահրել Ռուսաստանին

«Ինչը որ կատարվել է, հրահրել է Թուրքիան: Թուրքիան ծաղրում է մեզ, Թուրքիան ծաղրում է ձեզ, ծաղրում է կիպրոսցիներին»,- «Առավոտի» հետ բացառիկ զրույցում ասում է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության փոխնախագահ Յարոսլավ Նիլովը: Նա համարում է, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին օրերին Ադրբեջանի կողմից սկսած պատերազմը Թուրքիան է հրահրել՝ Ռուսաստանին սադրանքի ենթարկելու համար:

Մեր զրուցակցին հիշեցրինք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմական գործընկերն է, սակայն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարման առաջին օրերից Ռուսաստանի պաշտոնական շրջանակներից հայտարարությունները շատ չեզոք էին՝ ուղղված երկու կողմերին էլ՝ Երեւանին (եւ ոչ օրինակ՝ Ստեփանակերտին), եւ Բաքվին: Հարցրինք՝ ի՞նչ սպասենք մեր ռազմական գործընկերոջից:

«Հարցը շատ նուրբ է, ոչ այդքան հեշտ լուծվող: Դուք հասկանո՞ւմ եք, դա արվում է, որպեսզի հրահրեն Ռուսաստանին: Այդ պատճառով Ռուսաստանը վարում է շատ զգույշ, մտածված, հավասարակշռված քաղաքականություն՝ դրա հետ մեկտեղ հաշվի առնելով բարեկամական հարաբերությունները իր հարեւանների հետ,- ասում է պարոն Նիլովը՝ ավելացնելով:- Մեզ համար կարեւոր է, որ չլինեն կրակոցներ, չզոհվեն մարդիկ, չտառապի խաղաղ բնակչությունը. այդ պատճառով ամեն հնարավորն արվում է քաղաքական ղեկավարության կողմից՝ արտաքին գործերի նախարարության եւ այլ մարմինների կողմից, որ հիմնախնդիրը լուծվի, լարվածությունը մարի»:

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը մատնանշում է, որ ռուսական ղեկավարությունը Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում լինում է երկու երկրներում էլ՝ ե՛ւ Երեւանում, ե՛ւ Բաքվում՝ փորձելով գտնել հաշտություն՝ չտրվելով սադրանքներին. «Որովհետեւ այս իրավիճակը ստեղծվել է Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ փչացնելու նպատակով»,- նորից կրկնում է մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ երբ նախորդ տարի ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եկել էր Հայաստան, Թուրքիայի նախագահ Էրդողանին դա դուր չէր եկել:

Ըստ մեր զրուցակցի՝ Թուրքիան էլ օգտագործում է այս տարածաշրջանում եղած Ղարաբաղյան հիմնախնդիրը իր քաղաքական խնդիրները լուծելու համար:
Ռուս պատգամավորը նկատում է՝ ԼՂ հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացն այնքան էլ մեծ հաջողություններ չի ունենում, իսկ թե ինչ պետք է փոխել եղած ձեւաչափում՝ դժվարանում է պատասխանել. «Մեր կուսակցության առաջնորդը՝ Ժիրինովսկին, ասել է, որ խնդիրը կարող է լուծվել, եթե Հայաստանն ու Ադրբեջանը դառնան Ռուսաստանի մի մաս: Իսկ մնացած դեպքում հարցը լուծելը շատ բարդ է լինելու, որովհետեւ կողմերից յուրաքանչյուրն իր վարկածն ու փաստերն է ներկայացնելու, իսկ մեր խնդիրը այս հիմնախնդրում արյունահեղությունը դադարեցնելն է»,- ասում է Յարոսլավ Նիլովը:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    շատ լաւն էք հարցաքննել այս… #*&^%??^^-ը [ինքնագրաքննութիւն]

    «պատասխանները» զզվելի են

    յուսանք որ այսպիսի… էակներ չեն որ կը ներկայացնեն համայն Ռուսական Պետութեան կեցվածքը

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930