Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ստվերը կրճատվի ընդամենը 1 տոկոսով, ապա զոհված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիք ամսական կարող է ստանալ 300 հազար դրամ. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 07,2016 11:42

Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է ապրիլի 2-5-ը ադրբեջանական զինուժի ավանտյուրայի հետեւանքով զոհված մեր զինվորների ընտանիքներին լրացուցիչ ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը։

Հաշվի առնելով այս դաժան վիճակագրությունը, որ ամեն տարի 50–ով ավելանում է զոհված զինծառայողների թիվը, եւ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիք 20 տարի անընդմեջ ստանալու է ամսական 300 հազար դրամ, ապա կստացվի, որ առաջիկա 20 տարիների ընթացքում մեզ անհրաժեշտ է այդ նպատակին հատկացնել 40 միլիարդ դրամ, կամ 2 միլիարդ դրամ տարեկան։ Ունի՞ արդյոք այդ հնարավորությունը մեր պետական բյուջեն։ Իհարկե ունի։

Պատկերը ավելի պարզ լինելու համար բերենք հետեւյալ ցուցանիշները։ Օրինակ, այս տարի միայն բյուջետային հիմնարկների աշխատավարձին հատկացված է 135 միլիարդ դրամ։ Բացի ուսուցիչներից, բժիշկներից, բյուջետային հիմնարկների աշխատողների մեջ են մտնում նաեւ պետական չինովնիկները։ Պետական ու համայնքային ուռճացված, կամ ավելի ճիշտ՝ գերուռճացված համակարգի «օպտիմալացման», այսինքն` պարապ-սարապ չինովնիկների, նրանց քարտուղարուհիների ու գործավարուհիների թիվը ընդամենը մի քանի տոկոսով կրճատելու դեպքում տարեկան այդքան գումար հաստատ կտնտեսվի։ Մեր չինովնիկների ծառայողական ավտոմեքենաները մի քիչ կրճատելու դեպքում այդքան գումար կտնտեսվի։ Տարեկան ավելի քան 160 միլիարդ դրամի պետական գնումների ընթացքում եթե ընդամենը մի 5 տոկոս քիչ գռփեն, այդքան գումար կտնտեսվի…։ Բայց սա միայն լեգալ, պետական բյուջեում երեւացող գումարներն են։

Եթե մեր չինովնիկների՝ մեկ ամսվա ընթացքում վերցրած կաշառքների կեսը ուղղվի այս նպատակին, գումար ճարելու հարցը օրակարգից դուրս կգա։ Մոնոպոլիստների ստացած գերշահույթների մի չնչին մասը հարկելու դեպքում նշված գումարը հայթայթելու խնդիրը կվերանա իսպառ։

Հայաստանում ստվերային տնտեսության ծավալը ամենահամեստ հաշվարկներով կազմում է 25-30 տոկոս։ Այսինքն, տարեկան 300-500 միլիարդ դրամի հարկ թաքցվում է եւ չի վճարվում պետբյուջե։ Իսկ սա նշանակում է, որ եթե տնտեսության ստվերը կրճատվի ընդամենը 1 տոկոսով, ապա զոհված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիք ամսական կարող է ստանալ 300 հազար դրամ աջակցություն առաջիկա 20 տարիների ընթացքում։ Ընդ որում, առանց պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռ դառնալով։ Նշենք, որ ներկայումս զոհված զինծառայողների ընտանիքները ստանում են ամսական ընդամենը 100 դոլարին մոտ գումար։

 

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930