Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անգամ 4-օրյա պատերազմը մեծացնում է ներդրողներ ու զբոսաշրջիկներ կորցնելու ռիսկը

Ապրիլ 07,2016 16:00

Ղարաբաղյան պատերազմը եթե շարունակվի,
հարեւան երկրների տնտեսությանն էլ վնասներ կպատճառի

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը բացասաբար կանդրադառնա ոչ միայն Հայաստանի, Արցախի ներդրումների, տուրիստների հոսքերի վրա, այլեւ մեր հարեւան երկրների, քանի որ Ղարաբաղի պատերազմը կարելի է դիտարկել տարածաշրջանի շրջանակներում: Պատասխանելով «Առավոտի» այն հարցին՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հրահրմամբ սկսված պատերազմը, որն այս պահին հրադադարի փուլում է, ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ եւ ԼՂՀ ներդրումների ու զբոսաշրջության վրա, ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

«Պատերազմական ռիսկերը, բնականաբար, անդրադառնում են ներդրումների եւ զբոսաշրջիկների վրա: Այն մարդիկ, որոնք ծրագրում էին իրենց հանգիստն անցկացնել Հայաստանում կամ Արցախում, նրանցից կլինեն որոշները, որ կհրաժարվեն իրենց այդ մտադրությունից: Իսկ ներդրումներ անողների համար անվտանգության ռիսկերը մեծ նշանակություն ունեն»,- ասաց պարոն Եղիազարյանը:

Մատնացույց անելով Իսրայելի օրինակը՝ տնտեսագետը նշեց, որ անգամ Իսրայելի նման պետությունը, որի անվտանգությունը բարձր աստիճանի է, ամեն անգամ հիմնավորում է, թե բյուջեից ինչ մեծ մասնաբաժին է հատկացնում ռազմական ծախսերին. «Այսինքն՝ այս երկիրն ուզում է ցույց տալ, որ իր երկիրը անվտանգ է եւ ապահով: Որ ներդրողները Իսրայելում կարող են երկարաժամկետ ծրագրեր ունենալ, գործունեություն սկսել՝ առանց վտանգելու իրենց ներդրումները, այսինքն՝ անվտանգության բարձր մակարդակը նաեւ նշանակում է ռիսկերը նվազեցնել ներդրումներ անելու համար»:

Մեր այն հարցին՝ եթե պատերազմը 4 օրով էլ եզրափակվի եւ այլեւս չշարունակվի, կրկի՞ն կվնասի Հայաստանի, Արցախի եւ հարեւան երկրների հեղինակությանը, պարոն Եղիազարյանն ասաց, որ անգամ 4-օրյա պատերազմը մեծացնում է ներդրողներ ու զբոսաշրջիկներ կորցնելու ռիսկը: Նրա խոսքերով. «Խնդիրն առկա է, եւ խնդրում չկա կայունություն այս պահին, եւ, բնականաբար, ռիսկերը կան: Իհարկե, ներդրողներն իրենց ռիսկերում այդ հաշվարկներն անում են, եւ նրանք կառավարում են այդ ամենը»:
Աշոտ Եղիազարյանի խոսքերով՝ նման պարագայում շատ կարեւոր է, թե երկիրը ինչ ռազմաքաղաքական դաշինքի անդամ է, դա, ըստ էության, պաշտպանական վահան է հանդիսանում տվյալ երկրի համար:

Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանը ԵՏՄ անդամ է, իսկ Լեռնային Ղարաբաղը որեւէ դաշինքի անդամ չէ, պարոն Եղիազարյանը հիշեցրեց, որ Իսրայելն էլ որեւէ դաշինքի անդամ չէ, սակայն այդ երկիրն էլ ինքն իրեն պաշտպանելով է կարողանում ապահովել թե՛ ներդրումները, թե՛ զբոսաշրջիկների հոսքը:

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ օտարերկրյա ներդրումները 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել են 296,7 միլիոն դոլար՝ գերազանցելով 2014 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 80 միլիոն դոլարով: Ներդրումները հիմնականում եղել են Շվեյցարիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Լյուքսեմբուրգից, Արգենտինայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ֆրանսիայից եւ այլն, որոնք հիմնականում ուղղվել են հանքարդյունաբերության, էլեկտրականության, գազի, մանրածախ եւ մեծածախ առեւտրի, գյուղատնտեսության, տեղեկատվության եւ կապի ոլորտներ:

Համաձայն նույն աղբյուրի՝ անցյալ տարի մեր երկիր է այցելել 1 միլիոն 192,120 միջազգային զբոսաշրջիկ՝ մեկ տոկոսով պակաս, քան 2014 թվականին էր: Զբոսաշրջիկների թիվը մոտ 25 տոկոսով աճել է Իրանից, 38 տոկոսով՝ ԱՄԷ-ից, շուրջ 5 անգամ Իրաքից՝ կազմելով մոտ 16 տոկոս, Կանադայից եւ 42 տոկոսով՝ ԱՄՆ-ից:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930