Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանողը դիմել էր դատարան եւ գնացել էր ռազմադաշտ

Ապրիլ 07,2016 15:30

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում օրեր առաջ գրել էր, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե պատասխանողը գտնվում է ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում։ Եվ եթե առկա է դատական վեճ, ապա գործի վարույթը կարելի է կասեցնել։ Այս հնարավորությունից կարող են օգտվել նաեւ վարկառու պատասխանողները, եթե մասնակցում են ռազմական գործողություններին։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ի. Բեգլարյանին էր դիմել ազատամարտիկ, Սյունիքի մարզպետի խորհրդական, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը: Սակայն նա դիմել էր ոչ թե կասեցնելու «Վիրավորանք հասցնելու համար լրատվության նույն միջոցով հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները լրատվության նույն միջոցով հերքելու եւ փոխհատուցում վճարելու մասին» դատարանում քննվող Գորիսի նախկին քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանի հայցով, այլ հետաձգելու դատական նիստը, քանի որ մեկնում է Արցախ: Դատարանը նրա խնդրանքը բավարարել էր, եւ դատական նիստը նշանակել մայիսի 17-ին: «Առավոտի» հարցին, թե արդյո՞ք Քաղաքացիական դատավարության օրենսգրքի հիշյալ հոդվածով չէր կարող կասեցվել վարույթը, դատարանից մեզ պատասխանեցին, որ դա վերաբերում է ռազմական դրությանը, երբ պաշտոնապես հայտարարվել է այդ մասին: Մենք փաստացի էինք գտնվում մարտական գործողությունների թատերաբեմում:

dat_1
«Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերությունն այս հայցի շրջանակներում ճանաչվել էր երրորդ անձ, սակայն մինչեւ երկու օր առաջ չուներ իր ներկայացուցիչը դատարանում:
Դատարանում «Առավոտը» կներկայացնեմ ես: Այդ կապակցությամբ հանձնել եմ օրաթերթի տնօրեն Գ. Մելքոնյանի կողմից տրված լիազորագիրը, անձը հաստատող տվյալներս, մասնավորապես, լրագրողի վկայականն ու անձնագրի պատճենը:
Դատարանից խնդրեցի մինչ այդ տեղի ունեցած նախնական դատական նիստերի ձայնագրությունները, սակայն պարզվեց, որ Սիսիանի դատարանում ոչ միայն նիստերը չեն ձայնագրառվում, քանի որ չկան համապատասխան տեխնիկական միջոցներ, այլ նիստերի քարտուղարը ձեռքով գրառումներ է կատարում, սղագրում նիստերը:
Մեզ տրամադրվեց պատասխանող Վոլոդյա Հովհաննիսյանի առարկությունները, որոնք դատարան էր ներկայացվել նրա ներկայացուցիչ Կ. Օվչյանից:

Հիշեցնենք, որ հայցվոր Տիգրան Կարապետյանը դիմելով դատարան՝ վիճարկում է www.aravot.am-ում անցյալ տարվա մայիսի 12-ի «Սուրիկ Խաչատրյանին սպառնում են» հրապարակումը, որը կա համացանցում եւ հայցը ներկայացնելու պահին, ըստ հայցվորի, դիտվել է 4144 անգամ: Հայցվորը կարծում է, թե հրապարակման մեջ լրատվամիջոցին հարցազրույց տված ազատամարտիկ Վ.Հովհաննիսյանը վիրավորական եւ իր հասցեին զրպարտչական արտահայտություններ է կատարել, եւ նշել էր դրանք:

Վ.Հովհաննիսյանի ներկայացուցիչը դատարան ներկայացրած երկու համակարգչային էջից բաղկացած իր առարկություններում նշել էր. «Նախ նշենք, որ պատասխանողն իրեն չի արդարացնում, այլ պարզապես, հրապարակայնորեն արված հայտարարությունների համար տալիս է իր հիմնավորումը, ինչպես ցանկացած պատասխանատու անձ, թե ինչու է նա այս կամ այն անձին բնութագրում: Պատասխանող կողմը նպատակ չի հետապնդում խուսափել օրենքով սահմանված հետեւանքներից: Պատասխանող կողմը, ինչպես ցանկացած օրինապահ եւ օրինապաշտ քաղաքացի, կկրի այդ հետեւանքները, միայն այն դեպքում, երբ դատական կարգով հաստատվի իր գործողությունների օրինականությունը»:
Ըստ պատասխանողի, այս պահին հայցվորը ենթադրյալ «տուժող» է եւ որ պատասխանողի գործողություններն էլ ունեին փաստական հիմք, որի պարագայում բացառվում է վիրավորանքի եւ զրպարտանքի առկայությունը:

Իսկ փաստական հիմքը, համաձայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52 -րդ հոդվածի, ապացուցման կարիք չունի:

Պատասխանող կողմն անդրադառնալով պաշտոնատար անձին սպառնալու մասին հայցվորի արտահայտություններին, որը հրապարակային ելույթ է եղել, նշել էր. «Ցանկացած պաշտոնատար անձ չպետք է անտարբեր վերաբերմունք ցուցաբերի մի անձի հրապարակային ելույթին, որտեղ տեղ են գտնում սպառնալիքներ կամ այլ ոչ բարոյական դրսեւորումներ է թույլ տալիս»:

Ի դեպ, ծանուցագրով դատարան էր հրավիրվել հարցազրույցը վարող իմ գործընկեր Տաթեւ Հարությունյանը: «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերության կողմից ներկայացվեց տեղեկանք այն մասին, որ մեր գործընկերը ներկայումս գտնվում է ֆիզարձակուրդի մեջ:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Սիսիան
Նկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
07.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930