Ապրիլի 7-ին մեծանուն քանդակագործ Արա Սարգսյանի ծննդյան օրն է: Քանդակագործի տուն-թանգարանը «Առավոտին» է տրամադրել նրա անտիպ «Կտակը»: Վարպետը գրելով մեկ այլ վարպետի՝ Փանոս Թերլեմեզյանի մասին, սերունդներին է ներկայացրել մի այլ կտակ:
«Մենք վերադառնանք 1941թ. գարնանային օրերին, օրեր, որոնք ողբերգական վախճան բերեցին վարպետին: Ցուցահանդեսի բացումից մի քանի շաբաթ անց՝ Թերլեմեզյանը հիվանդացավ: Նրան տեղավորեցինք հիվանդանոցում: Թվում էր, որ այդ մի թեթեւ նոպա էր եւ ինչպես միշտ, այս անգամ էլ Թերլեմեզյանը դուրս կպրծներ նրա ճանկերից: Սակայն, ավաղ, դեպի հիվանդանոց տանող ճանապարհը ճանապարհ էր նաեւ դեպի հավիտենական հանգիստ:
Ասում են, թե նա կարող էր էլի փրկվել, եթե չկատարեր ճակատագրական մի անզգուշություն: Թերլեմեզյանը չէր ամուսնացել, ընտանիք չէր կազմել եւ չէր վայելել ընտանեկան հարկի քաղցրությունը: Նա զավակներ չէր ունեցել: Այդ երջանկությանը նա չէր կարող հասնել, քանի որ երիտասարդ տարիներին զենքը ձեռքին պայքարում էր ժողովրդի ազատագրության համար: Մահն ամեն րոպե կարող էր կտրել նրա կյանքի թելը: Ամուսնանալ՝ դա նշանակում էր դժբախտացնել կնոջը, երեխաներին: Նա միշտ խուսափել էր այդ վճռական քայլից, եւ այդպես միշտ ուշանալով, հասել էր խոր ծերության: Մայրը, որին Փանոսը պաշտում էր, երազել էր տեսնել հարսին ու թոռներին, եւ այդ մուրազը սրտում՝ հեռացել էր աշխարհից: Միակ ճրագը՝ Փանոսը, լույս չէր տվել իր օջախին: Նրա համար ժողովրդի ազատագրության պայքարը վեր էր պայմանականություններից: Այդպես էլ Փանոսը մնացել էր ամուրի:
…Ես հիվանդանոց հասա այն ժամանակ, երբ այդ ողբալի դեպքից հետո Փանոսը կռնակի վրա պառկած էր անշարժ ու տնքում էր ցավից: Այլեւս նա չէր խոսում, բռնվել էր նրա լեզուն, շնչառությունը ընկել էր իր սովորական ռիթմից: Ի վերջո, նա աչքերը բացեց, երկար նայեց ինձ ու..արտասվեց…Այդ եղավ գուցե առաջին, սակայն իր կյանքի վերջին արտասուքը: Նույն գիշերը, ապրիլի 20-ին Փանոս Թերլեմեզյանը հանգեց: Ինչպիսի ճակատագիր…հոբելյանական հանձնաժողովը նույն կազմով վերածվեց թաղման հանձնաժողովի: Այդ գիշեր ես հիշեցի 1936 թվականը, Թբիլիսիի հիվանդանոցի ցրտաշունչ սենյակը, մարմարյա սեղանը, սավանի տակ պառկած Եղիշե Թադեւոսյանին ու Թերլեմեզյանի խոսքերը:
Կարդացեք նաև
Կտակը…
Հանձնաժողովին ես հայտնեցի կտակի մասին: Առանձնացվեց մի փոքրիկ խումբ եւ հանձնարարվեց փնտրել կտակը: Մենք երեքով, նրա մոտիկ ընկերները՝ Սեդրակ Առաքելյանը, Գաբրիել Գյուրջյանը եւ ես, մտանք Թերլեմեզյանի բնակարանը: Այնտեղ ամեն ինչ իր տեղում էր, չկար միայն այդ բոլորին կենդանություն պարգեւողը՝ տերը: Կտավակալի վրայից մեզ էր նայում վարպետի վերջին աշխատանքը: Սկսվեց կտակի որոնման ծանր պրոցեսը: Զարմանալի ու անսովոր զգացում էր պատել մեզ: Չկար ինքը՝ Թերլեմեզյանը, սակայն նույն այս սենյակներում, ինչ-որ մի տեղ, ծրարի մեջ թաքնված էին նրա ցանկությունները, կամքը, որոշումը: Նա նորից խոսելու էր մեզ հետ: Այս անգամ գրավոր եւ շատ հեռվից: Գիշերվա մինչեւ ժամը 3-ը մենք փնտրում էինք: Հաճախ հոգնած, գալիս նստում էինք փոքր սենյակի գրքի պահարանի առաջ դրված սեղանի շուրջ:
Վերջին անգամ, նորից ես սկսեցի քրքրել պահարանը եւ ինչ զարմանք. գրքերի արանքում երեւաց մի սպիտակ, երկարաձեւ, զմռսված ծրար, որի վրա անգլերեն լեզվով գրված էր. «Փանոս Թերլեմեզյանի կտակը: Նյու Յորք, 1924 թիվ»: Մեզ հանձնարարված գործը խիստ պատասխանատու էր. կտակի յուրաքանչյուր տողը, բառն ուներ էական նշանակություն: Չնայած ուշ ժամին՝ մենք կանչեցինք անգլերեն լեզվին քաջածանոթ Հարություն Գեւորգյանին՝ նկարչուհի Գոհարիկ Ֆերմանյանի ամուսնուն: Կտակը կազմված էր Նյու Յորքում, պետական նոտարիուսի ձեռքով: Ինչքան հիշում եմ, այն բաղկացած էր երեք կետերից:
Առաջին կետում գրված էր այն մասին, որ Փանոս Թերլեմեզյանն իր կամքով, իր ողջ ինչքը, կայուն, թե շարժական, տնային, թե գործածական, ամեն ինչ իր մահից հետո թողնում է Սովետական Հայաստանի պետական թանգարանին: Այս բոլորով հանդերձ, թանգարանին է թողնում իր ողջ ստեղծագործությունները, գեղանկար կտավները, էսքիզները, գծանկարները, բոլորը, ինչ հայտնաբերվել էր արվեստանոցում: Երկրորդ կետով նույն թանգարանին է թողնում դրամականը, կանխիկ գումարով, չեկերով: Երրորդ կետում էլ նոտարիուսը գրում է այն մասին, որ համաձայն ամերիկյան օրենքների, կտակի տակ պետք է ստորագրեին երեք անձնավորությունները՝ կտակատերը, երկրորդը՝ մի վկա, երրորդը՝ եկեղեցու ներկայացուցիչ: Սակայն Փ. Թերլեմեզյանը մերժել էր եկեղեցու ներկայացուցչին եւ խնդրել էր, որպես բացառություն, հրավիրել Սովետական Միության առեւտրային ներկայացուցչության աշխատակիցներից մեկին, որպես երկրորդ վկայի: Կտակի ընթերցումն ավարտելուց հետո, մեր մեջ տիրեց երկար լռություն, մեր առաջ ամբողջ հասակով կանգնած էր հայրենասեր արվեստագետի պայծառ կերպարը, նա մեր աչքին բարձրանում էր վեր, ավելի վեր:
Կտակը՝ աշխարհից անդարձ հեռացողի խնդրանքն է, ցանկությունը, կամքը: Ապրողներին մնում էր իրագործել այն մինչեւ վերջ»:
«Առավոտ» օրաթերթ
07.04.2016