Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուզեի՝ մարդը հասկանար, որ դիմացինն էլ է մարդ, եւ անկախ ամեն ինչից՝ չթալաներ»

Ապրիլ 07,2016 14:30

Ինչ կփոխեին «Օրրանի» երեխաները Հայաստանում,
եթե հնարավորություն ունենային

Օրերս հանդիպեցինք «Օրրան» բարեգործական կազմակերպության ժուռնալիստական խմբի երեխաների հետ: Նրանց մի հարց էինք ուղղել՝ ինչ կուզենային փոխել Հայաստանում, որի վերաբերյալ երեխաները փոքրիկ հոդվածներ էին գրել: Դրանցում արտահայտված էին նույն մտահոգությունները, ինչ ունեն հասուն մարդիկ՝ հարեւան երկրների հետ հարաբերություններ, բնապահպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց, անապահով ընտանիքների խնդիրներ, կրթական համակարգի բարելավում եւ այլն: Օրինակ, 14-ամյա Արման Գրիգորյանը իր հոդվածում գրել էր, որ կցանկանար մրցակցություն լիներ արտահանման եւ ներկրման ոլորտում, կոմունալ վարձերն իջեցվեին, Հայաստանի Հանրապետությունում կառուցված դատարկ շենքերը բնակեցվեին, բնակարանների մի մասն էլ տրվեր հաշմանդամություն ունեցող անձանց, անապահով ընտանիքներին ու զոհվածների ընտանիքներին: «Օրրանի» երեխաներից մեկը ցանկացել է. «Աղքատությունը վերանա, լինեն ամուր հիմքերով ընտանիքներ, պատերազմ չլինի, ու ոչ մի մայր չզգա կորստի ցավը»: Մեկ այլ «Օրրան»-ցու հուզում է աղբահանության խնդիրը եւ շրջակա միջավայրը. «Շրջակա միջավայրի բարեկարգումը կարելի է սկսել կանաչապատումից ու ծառապատումից, այդպես եւ գեղեցիկ կլինի, եւ օդը կմաքրվի, նաեւ պետք է քչացնել օդը աղտոտող գործարաններն ու մեքենաները: Ցավոք, Հայաստանում բնակչությունից շատ են ավտոմեքենաները»: Մարինե Գալստյանի հոդվածը ավելի շատ բաց նամակ է երկրի ղեկավարությանը: Երեխան համոզված է, որ շատ բան կախված է երկրի ղեկավարից ու ղեկավարելուց առաջ՝ ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստելուց: «Եթե երկրի վիճակը կախված լիներ ինձանից, աշխատատեղեր կբացեի, որպեսզի գործազուրկ մարդիկ կարողանային աշխատել, կստեղծեի այնպիսի համակարգ, որ բոլոր այն մարդիկ, որ տարիներ են ծախսել սովորելու վրա, կարողանային իրենց մասնագիտությամբ աշխատել: Կվերացնեի ավելորդ հարկերը, կստիպեի օրինականացնել ապօրինի բիզնեսները: Շատ բան կփոխեի, բայց դա միայն երկրի ղեկավարը չպետք է անի, պիտի փորձենք մենք էլ աջակցել»,- գրել է աղջնակը:

15-ամյա Հովհաննիսյան Սվետլանան եւս ցանկանում է, որ փոխվի մարդկանց վերաբերմունքը բնության հանդեպ: Բայց այլ ցանկություններ էլ ունի. «Կցանկանայի փոխել Հայաստանի եւ հարեւան երկրների միջեւ հարաբերությունները, երեխաների վերաբերմունքը կփոխեի դպրոցի հանդեպ, բոլոր երեխաներին, կարիքավորներին ու հաշմանդամություն ունեցող անձանց կապահովեի համապատասխան միջոցներով»:
14-ամյա Լիլիթ Ավագյանը երազում է, որ Հայաստանում մանկատներ չլինեին, ոչ ոք իր երեխային չտաներ նման հաստատություն: «Կցանկանայի, որ աշխատատեղեր լինեին, ավելի շուտ կստեղծեի աշխատատեղեր, որպեսզի Հայաստանից մարդիկ չգնային այլ երկրներ աշխատանք փնտրելու: Շատ բաներ կան, որ կուզենայի փոխել Հայաստանում, ու այն դառնար բոլորիս համար անփոխարինելի երկիր»,- ահա թե ինչ կփոխեր Լիլիթը:
Եթե «Օրրան»-ցի Սարգիս Մուրադյանին հնարավորություն տրվեր ինչ-որ բան փոխելու, նա ավելի հարմարավետ կդարձներ հասարակական տրանսպորտով, ինչպես ինքն է գրում, A կետից B կետը տեղափոխվելը: Կավելացներ աղբարկղերի թիվը, կհետեւեր, որ որեւէ անսթափ կամ ծխող վարորդ մեքենայի ղեկին չհայտնվի: «Մուրացկաններին հատուկ աշխատանքով կապահովեի, օրինակ՝ հավաքարարի, պահակի եւ այլն: Կվերացնեի գիշերային ակումբները եւ կբարձրացնեի մարդկանց աշխատավարձերը, որպեսզի իրենք իրենց աշխատանքից գոհ լինեն»,-գրում է Սարգիսը:

Մեկ այլ ապագա լրագրող՝ Սեդա Մուրադյանն էլ գրել է. «Աչքս տեսնում է մարդկանց, որ թալանի ու կոռուպցիայի շնորհիվ միլիոններ են դիզել: Կուզեի՝ մարդը հասկանար, որ դիմացինն էլ է մարդ, եւ անկախ ամեն ինչից՝ ինձ չթալաներ, կամա-ակամա խանութներում չբարձրանային մթերքների գները…Կուզեի բանկային համակարգը թափանցիկ լիներ, որ մարդը իմանար իր վարկային հաշիվները եւ կրկնապատկված տոկոսները, որ դրված են վարկառուի ուսերին…Կուզենայի, որ գործարանատիրոջ քմահաճույքով բերքը օրերով չմնար արեւի տակ»:

14-ամյա Մոնիկա Սիմոնյանն իր հոդված-շարադրության մեջ նշել է. «Կբարելավեի կրթական համակարգը, երկրի խաղաղության դաշինք կկնքեի: Կարծում եմ, որ իմ երկրի ապագան ոչ թե ինձանից է կախված, այլ ամբողջ հայ ժողովրդից»: Մանանա Հովհաննիսյանի մտահոգությունը նույնպես արտագաղթն է, էկոլոգիական խնդիրները եւ գործազրկությունը: Գասպարյան Անահիտն էլ հզոր հայրենիք ունենալու համար, կփոխեր օրենքները, կվերացներ կոռուպցիան: Նա հնարավորության դեպքում կփոխեր Ազգային ժողովի պատգամավորներին, պետական գործարաններ ու ֆերմաներ կբացեր, լիքը աշխատատեղեր: 12-ամյա Միրզոյան Անահիտն էլ գրել է. «Վստահ եմ՝ շատերը ցանկանում են փոխել երկրի ղեկավարությանը, բայց ինձ չի թվում, թե միայն ղեկավարություն փոխելով՝ պատերազմները կդադարեն: Փոխել հնարավոր չէ նաեւ հարեւաններին, բայց բանակցել՝ պետք է»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից 2000 թվականին՝ մեր հայրենիքը երջանիկ ու առանց մուրացկանության տեսնելու երազանքով։ Այն իր խնամքի տակ է առել ինչպես կարիքավոր երեխաների, այպես էլ՝ միայնակ տարեցների:

 

«Առավոտ» օրաթերթ
07.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930