Մտավորականները՝ վերջին իրադարձությունների մասին
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ին ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այս տեղեկատվության առիթով «Առավոտի» հետ զրույցում մշակույթի գործիչներն արտահայտելով իրենց կարծիքը եւ կարծես պայմանավորված, բոլորը նույն միտքն էին հայտնում, այն է՝ էդ ցեղի (ադրբեջանցիների) վրա հույս դնել չի կարելի: Ներկայացնում ենք մի քանի ճանաչված արվեստագետների խոսքը:
Կոմպոզիտոր Արամ Սաթյան.– Մեր դիվանագիտությունն ախր պետք է շատ լավ աշխատի: Ինչպես ասում են՝ հերիք եղավ, բոլ եղավ: Անկասկած, մեր միասնության ականատեսը եղանք այս օրերին, որով, իհարկե, ոչ բոլոր ժողովուրդները կարող են պարծենալ: Այո, մենք վստահ ենք մեր ուժերի վրա, բայց դա քաղաքականություն չէ: Կրկնում եմ՝ հատկապես մեր դիվանագիտությունն այսօր, քան երբեւէ, գերազանց պետք է աշխատի:
Կարդացեք նաև
Բանաստեղծ Վահե Արսեն.– Այնպիսի հակահարված պետք է տալ թշնամուն, որ նա վերջապես գիտակցի, թե ինչ պետության հետ գործ ունի: Իսկ գործ ունի մի պետության հետ, որն ունի պետական ինստիտուտ, բովանդակ համակարգ… Այսուհանդերձ, նշեմ, որ մեր արտաքին քաղաքականությունն անչափ թույլ է: Իհարկե, ողջունելի է, որ միասնական ենք եւ անկասկած ունենք դաշնակից պետություններ, որն, ի դեպ, ինչքան շատ լինեն՝ այնքան լավ: Բայց հույս դնել դաշնակից պետությունների եւ օժանդակ ուժերի վրա, հայտնվում ես այսպիսի իրավիճակում… Երբ հույսդ դնում ես արտաքին ուժերի վրա, մտածված, հաշվարկված քայլերի փոխարեն՝ կամա-ակամա սպասում ես, թե օրհասական պահին ով ինչ չափով օգնության կհասնի: Բառը՝ լինի զինադադար կամ պայմանավորվածություն, էական չէ, մի բան անքննարկելի է՝ հույսներս չենք կարող դնել էդ ցեղի վրա:
Նկարիչ Կարեն Աղամյան.– Չարժե հույս դնել էդ ու դրանց նման ցեղերի վրա: Դրանց խոսքը խոսք չէ ու դրանց իբր խոսքին հավատալն էլ միամտություն է: Ես զինվորական մասնագետ չեմ, բայց մի բանում վստահ եմ՝ մեր պետությունը մասնագետների ուժերով վերջնականապես կլռեցնի թշնամուն:
Ռեժիսոր Հակոբ Ղազանչյան (գլխավոր լուսանկարում). – Գտնում եմ, որ ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը պետք է վերանայվի: Իհարկե, սա զինվորականների խնդիրն է: Պետք է նոր քաղաքականություն մշակվի, որտեղ դոմինանտի զինվորի անվտանգությունը: Թշնամու խոսքին հավատալ պետք չէ: Եթե նրանք մեկ կրակոց են արձակում, պետք է պատասխանել երկուսով, երեքով, անհրաժեշտ է դրանց խիստ հակահարված տալ: Իհարկե, չեմ կարծում, բայց հանկարծ չմտածեն, որ վախկոտ ենք:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.04.2016