ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Մերիլենդից ընտրված սենատոր Ջոն Սարբանսը ամերիկյան The Washington Post-ի միջոցով «Դավանանքի ազատությունը տնից է սկսվում, պարո´ն Էրդողան» վերնագրված բաց նամակ է հասցեագրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Սենատորն անդրադարձել է ԱՄՆ կատարած Էրդողանի վերջին այցելության ընթացքում Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում մզկիթի բացման արարողությանը մասնակցելուն։ Սենատորը մեկնաբանել է իր արարքը. «Եթե իսկապես ուզում էր շնորհավորել կրոնական հաստատության բացման առիթով, կարիք չկար, որ նա գար Մերիլենդ (մզկիթի բացման արարողությունը Մերիլենդում էր,-խմբ)։ Կարող էր գնալ Հեյբելիադա և բացել հոգևորական դպրոցը։ Եթե Էրդողանը ուզում է կամուրջներ կառուցել տարբեր հավատքների միջև, թող գնա և բացի այդ դպրոցը»։
Տեղեկացնենք, որ Ստամբուլի մոտակայքի Հեյբելիադա կղզում գործում էր ուղղափառ հոգևոր բարձրագույն դպրոց, որը փակվեց 1971թ. մարտի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական միջամտությունից հետո և չի գործում մինչ օրս։ Դպրոցն ավարտած հույն հոգևորականները կարող են ստանալ բարձրագույն կոչում և հավակնել պատրիարքական գահին։ Հեյբելիադայի դպրոցի բացման հարցը մշտապես եղել է Թուրքիայի մասին միջազգային քաղաքականության քննարկվող հարցերից մեկը։ Դպրոցի մասին անդրադարձները մշտապես տեղ են գտնում Եվրամիության՝ Թուրքիային վերաբերող զեկույցներում: