Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ Ռուսաստանը հանդիսանում է այդ հակամարտության կողմ և ընդգծված աջակցություն է ցուցաբերում Հայաստանին։ Այս մասին տեղեկացնում է daily star-ը։
Էրդողանը, պատասխանելով քննադատություններին, որոնց համաձայն Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին և ուզում է ԼՂՀ հակամարտության կողմ դառնալ, հակադարձել է. «Ռուսաստանն ասում է, թե Թուրքիան հակամարտության (նկատի ունի ԼՂՀ հակամարտությունը,-խմբ.) կողմ է։ Իրականում հակամարտության կողմը Ռուսաստանն է»։
Նախագահ Էրդողանը խոսել է նաև կողմերի միջև հրադադարին վերադառնալու մասին ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ։ Էրդողանի կարծիքով՝ Հայաստանը պետք է հետևի հրադադարի պահպանմանը, ինչպես անում է Ադրբեջանը. «Եթե Հայաստանը դա չանի, ամբողջ պատասխանատվությունը կկրի այդ երկիրը»։
Կրկին վերադառնալով Ռուսաստանի թեմային՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը հակամարտության կողմ էր նաև Վրաստանում, Ուկրաինայում, իսկ հիմա էլ մասնակցում է Սիրիայի հակամարտությանը։